Մայքլ Դուգլասը պատմել է, որ 101-ամյա Քըրք Դուգլասն ամեն օր ֆիթնեսով է զբաղվում
Հոլիվուդյան աստղ Մայքլ Դուգլասը խոստովանել է, որ չի դադարում հիանալ հորով՝ առավելապես Սպարտակի դերով ճանաչում ստացած 101-ամյա դերասան Քըրք Դուգլասով:
Ինչպես նշում է sherbrooktimes.com կայքը, Դուգլասը մանրամասնել է, որ տարեց հայրը շատ լավ յուրացրել է ժամանակակից տեխնոլոգիաները, ինչպես նաև ամեն օր մարզադահլիճ է գնում, ֆիթնեսով զբաղվում:
«Հայրս կարծես սովորել է՝ ինչպես դիմակայել ժամանակին: Նա վարպետացել է համացանցից օգտվելու հարցում, օգտվում է Face Time հավելվածից ու դրա միջոցով ուզած մարդկանց հետ շփվում: Նա անընդհատ խնդրում է ինձ ինչ-որ նոր տեղ գնալիս ամեն ինչ տեսանկարահանել ու իրեն ուղարկել: Հայրս չի կորցրել կյանքի նկատմամբ հետաքրքրությունը: Ավելին՝ պատկերացրեք, որ նա ֆիթնես մարզիչ ունի ու հետն ամեն օր զբաղվում է»,-նշել է կրտսեր Դուգլասը:
Դերասանն ընդգծել է, որ իր համար երջանկություն է 73 տարեկան լինելով հանդերձ՝ ողջ հայր ունենալ:
«Ոչ միայն ողջ, այլև կենսուրախ, աշխույժ ու հումորի զգացումով»,-ընդգծել է դերասանը:













