Ամերիկացի երաժշտի արարքը համերգի ժամանակ փրկել է երկրպագուհու կյանքը
Ամերիկյան Every Time I Die մետալ խմբի կիթառահար Ջորդան Բաքլին համերգի ժամանակ գարեջուր է ըմպել ու բերանի պարունակությունը դատարկել առաջին շարքում գտնվողների վրա, ինչից հետո երկրպագուհիներից մեկը դիմել է բժշկի օգնությանն ու ժամանակին իմացել գլխուղեղի ուռուցքի մասին: Այս մասին երաժիշտը գրել է Twitter-ի իր էջում:
«Ընկերներ, ուզո՞ւմ եք մի շատ տարօրինակ պատմություն լսել: Մի աղջիկ մոտեցավ ինձ ու ասաց, որ մի անգամ եղել է մեր համերգին՝ առաջին շարքերում, և նրա աչքի մեջ մի քիչ գարեջուր է ընկել, որը ես բեմից դատարկել եմ հանդիսատեսի վրա», - գրել է նա:
Երկրպագուհու խոսքով՝ հաջորդ օրն ինքը ցավ է զգացել աչքի հատվածում և, կասկածելով, որ դա վարակ է, գնացել է բժշկի: Արդյունքում բժիշկները հայտնաբերել են, որ ցավի պատճառը գլխուղեղի ուռուցքն է եղել: Բարեբախտաբար, հիվանդությունը հայտնաբերվել է վաղ փուլում, և նորագոյացությունը հեռացրել են:
Աղջիկը խոստովանել է կիթառահարին, որ նա փրկել է իր կյանքը, ու շնորհակալություն է հայտնել:
«Այսպիսով՝ մեր համերգին գալը կարող է փրկել ձեր կյանքը», - եզրափակել է Բաքլին:










