Մոսկվայի դատախազությունը հաստատել է Ջիգարխանյանի նախկին կնոջ դեմ մեղադրական եզրակացությունը

17:15 • 27.07.18

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, կարող է պատասխանատվության ենթարկվել ամուսնու մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը խախտելու գործով հետաքննության շրջանակում:

Մոսկվայի Հարավ-արևմտյան վարչական շրջանի դատախազությունը հուլիսի 26-ին հաստատել է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ մեղադրական եզրակացությունը:

«Հետաքննության վարկածով՝ Ջիգարխանյանի նախկին կինը կազմակերպել է ամուսնու աշխատասենյակում գաղտնի տեսախցիկի տեղադրումը, ինչն արվել է նրան գաղտնի տեսահսկելու համար»,-հայտնում է tass.ru-ն:

Նշվում է, որ մեղադրական եզրակացության հանձնումից հետո քրեական գործն ուղարկվելու է դատարան:

Հայտնի է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային սպառնում է մինչև 200.000 ռուբլի տուգանքից մինչև 2 տարվա ազատազրկում: Նրա փաստաբանը հայտնել է, որ մեղադրյալն իր մեղքը չի ընդունում:

Հիշեցնենք, որ զույգը պաշտոնապես ամուսնալուծվել է նոյեմբերի վերջին:

Մոսկվայի դատախազությունը հաստատել է Ջիգարխանյանի նախկին կնոջ դեմ մեղադրական եզրակացությունը