61.5 մլն դոլար. Թոմ Քրուզի մասնակցությամբ նոր ֆիլմը ռեկորդ է սահմանել հյուսիսամերիկյան կինովարձույթում
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Թոմ Քրուզի մասնակցությամբ «Առաքելությունն անիրագործելի է. Հետևանքներ» ֆիլմը հյուսիսամերիկյան կինովարձույթում հայտնվելու առաջին հանգստյան օրերին ռեկորդ է սահմանել՝ հավաքելով 61.5 մլն դոլար, հայտնում է Daily Mail-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ ռեկորդը սահմանվել է «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի նախորդ 5 մասերի արձանագրած ֆինանսական ցուցանիշների համեմատ:
Ինչ վերաբերում է ֆիլմաշարի նոր՝ 6-րդ մասի միջազգային կինովարձույթում արձանագրած ցուցանիշին, ապա կինոնկարը հավաքել է 92 մլն դոլար: Ըստ այդմ՝ այն համաշխարհային կինովարձույթում հավաքել է 153.5 մլն դոլար:
«Թոմ Քրուզը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երբ խոսքը վերաբերում է մարտաֆիլմերին, ապա նա լավագույն և ամենաեկամտաբեր աստղերից է»,-նշել է Paramount կինոընկերության ներկայացուցիչ Քայլ Դևիսը:










