Մոսկվայում հոսպիտալացվել է հայտնի կենդանի վարժեցնող Ասկոլդ Զապաշնին
Մոսկվայում հոսպիտալացվել է ՌԴ վաստակավոր արտիստ, Մոսկվայի Մեծ կրկեսի գեղարվեստական ղեկավար Ասկոլդ Զապաշնին: Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը:
Նշվում է, որ Զապաշնին սուր ցավերով տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Արտիստի խոսքով՝ բժիշկները դեռ ախտորոշում չեն արել ու շարունակում են զննել իրեն:
«Առավոտից ուժեղ ցավեր ունեի: Այժմ ցավազրկողի օգնությամբ լավ եմ զգում ինձ», - պատմել է նա գործակալությանը:
Զապաշնին հավաստիացրել է, որ ինքնազգացողության ժամանակավոր վատթարացումը չի անդրադառնա իր ելույթների ժամանակացույցի վրա:
Հիշեցնենք, որ վերջերս Մոսկվայում Զապաշնի եղբայրների շոուի ժամանակ վագրը հարձակվել էր առյուծի վրա՝ ժամանակավորապես դադարեցնելով կրկեսային ներկայացումը: Զապաշնի եղբայրները շարունակել են իրեր նետել կռվող գիշատիչների ուղղությամբ, սակայն դա չի օգնել, և Ասկոլդ Զապաշնին ռետինե գնդակով օդ է կրակել, ինչից հետո կենդանիները հեռացել են իրարից:










