656 հազար դոլար. Հյուսիսային Իռլանդիայում վաճառքի է հանվել «Գահերի խաղի» ամրոցը (լուսանկարներ, տեսանյութ)
Հյուսիսային Իռլանդիայում վաճառքի է հանվել 19-րդ դարի պատմական Գոսֆորդ ամրոցի մի մասը, որում տեղի են ունեցել «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի նկարահանումները: Այս մասին հայտնում է Travel and Leisure-ը:
Նշվում է, որ ամրոցի այդ հատվածը վաճառվում է 500 հազար ֆունտ ստերլինգով (656 հազար դոլար), ինչն ավելի էժան է, քան Լոս Անջելեսում անշարժ գույքը, և մոտավորապես համեմատելի է Լոնդոնում բնակարանի գնի հետ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ամրոցի վաճառվող հատվածում կա վեց շքեղ բազմահարկ բնակարան՝ 19-րդ դարի առաստաղներով ու բուխարիներով:
Գոսֆորդ ամրոցը կառուցվել է 1819-1850 թվականներին, և մինչև 1921 թվականն այնտեղ բնակվել է Գոսֆորդ կոմսերի ընտանիքը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այնտեղ զորքեր են տեղակայվել, այնուհետև շինությունը վերածվել է հյուրանոցի:
Վերջերս ամրոցը դարձել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի երկրպագուների այցելության վայրերից մեկը: Հենց այստեղ է Ռոբ Ստարկը մահապատժի ենթարկել Ռիկարդ Կարստարկին:























