Ադրբեջանի երաժշտական փառատոնում փոփ երաժշտությունը միախառնվել է քաղաքականությանը. eurasianet.org-ը՝ երգչուհի Զառայի հետ կապված սկանդալի մասին

14:43 • 01.08.18

Եթե ձեր ազգանունն ավարտվում է «յան»-ով, և դուք մեկնում եք Ադրբեջան, ապա պետք է իմանաք, որ ձեզ կասկածանքով կվերաբերվեն: Դա վերջերս հայտնաբերել է նաև ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Զառա Մգոյանը, որը մասնակցել է Բաքվում հուլիսի 26-29-ն անցկացված փոփ երաժշտության «Ժառա» փառատոնին, գրում է Գիորգի Լոմսաձեն eurasianet.org-ում:

Չնայած փառատոնը նախատեսված էր որպես գլամուրի և շքեղության ցուցադրություն, դա դարձավ մեկ այլ ապացույց այն բանի, թե ինչպես է Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամանքը տարածվում ազգերից մեկի հետ կապված ցանկացած մեկի և ցանկացած բանի վրա:

«Յան» վերջածանցն ադրբեջանցիների համար նախևառաջ կապվում է Հայաստանի հետ: Փառատոնի կազմակերպիչներն ադրբեջանական հասարակության շրջանում վրդովմունք առաջացրին Բաքվում ելույթ ունենալու համար «թշնամու» հրավիրելով:

«Ամո՛թ Բաքու հայ երգչի հրավիրողներին և դա թույլ տվողներին»,- գրված է եղել Facebook-ում գրառումներից մեկում:

«Անիծվե՛ք, հայրենիքի՛ դավաճաններ»,- նշվել է մեկ այլ գրառման մեջ: Մեկ այլ օգտատեր հետաքրքրվել է, թե ով է լինելու հաջորդը՝ գուցե Քիմ Քարդաշյա՞նը:

Իրարանցման մեջ փառատոնի հիմնադիրը՝ ադրբեջանցի երգիչ Էմին Աղալարովը, ստիպված է եղել պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ՝ նշելով, որ Զառա Մգոյանը հայ չէ, նա ազգությամբ եզդի է: Շատերին դա, սակայն, չի համոզել, և որոշ օգտատերեր անգամ նախկինում Մգոյանի կողմից արված հայամետ մի քանի հայտարարություն են գտել համացանցում:

Միևնույն ժամանակ, փառատոնին մասնակցել է իրական հայկական արմատներով 2 փոփ աստղ՝ Ֆիլիպ Կիրկորովը և Իրինա Ալեգրովան: Նրանց ելույթը Բաքվում, սակայն, քիչ իրարանցում է առաջացրել՝ չնայած Կիրկորովը հայտարարել էր, որ երկու տասնամյակ Ադրբեջանի դիվանագետները նրան թույլ չեն տվել երկիր մտնել:

Ռուսական էստրադայի աստղ Լոլիտան հանդես է եկել Մգոյանի պաշտպանությամբ:

«Անհեթեթություն է մարդուն արգելել երկիր մտնել այն պատճառով, որ մի հիմար ինչ-որ բան է ասել մարդու ազգության մասին: Կա արյան միայն չորս խումբ, և մարդիկ բաժանվում են միայն երկու մասի՝ աղբի կտորի և ոչ աղբի կտորի»,- ասել է Լոլիտան լրագրողներին:

Ինքը՝ երգչուհի Զառան, դիվանագիտորեն է արձագանքել իրարանցմանը:

«Ես կարծում եմ, որ երաժշտությունը, մշակույթը և սպորտը չեն ճանաչում սահմաններ, ազգեր, և «Ժառա»-ի նման փառատոները դրա ապացույցն են: Այս փառատոնը մեկ վայրում է համախմբում տարբեր երկրներից տարբեր ազգությունների և տարբեր կրոնների մարդկանց»,- ասել է նա լրագրողներին:

Ինչ վերաբերում է դիվանագիտությանը, փառատոնին իր ելույթի ընթացքում Մգոյանը կատարել է երգ, որի համահեղինակը Մարիա Զախարովան է՝ ՌԴ ԱԳՆ խոսնակը, որը նույնպես ներկա է եղել փառատոնին:

«Սա հազվադեպ դեպքերից է, երբ կարող ես համատեղել աշխատանքն ու հաճույքը»,- ասել է Զախարովան փառատոնի կարմիր գորգի վրա:

 

 

Ադրբեջանի երաժշտական փառատոնում փոփ երաժշտությունը միախառնվել է քաղաքականությանը. eurasianet.org-ը՝ երգչուհի Զառայի հետ կապված սկանդալի մասին