Պենզայում առաջարկել են փողոցներից մեկն անվանել 94-ամյա հայազգի վետերանի պատվին
Պենզայում առաջարկել են քաղաքի փողոցներից մեկն անվանել Հայրենական մեծ պատերազմի վետերան, վետերանների քաղաքային խորհրդի նախագահ, հայազգի Վլադիմիր Կերխանջաևի պատվին:
Ինչպես նշում է Penzanews.ru-ն, նման առաջարկությամբ հանդես է եկել քաղաքային Դումայի պատգամավոր Անատոլի Օվչարենկոն:
«Պետք է հարգել ոչ միայն մահացած, այլ նաև ողջ վետերանների հիշատակը», - ասել է նա:
Պենզայի քաղաքապետ Նիկոլայ Տակտարովը պատասխանել է, որ ինքն ընդունում է Անատոլի Օվչարենկոյի բանավոր առաջարկն ու սպասում այն գրավոր ձևով մասնագետներին փոխանցմանը:
Հավելենք, որ Պենզայի 94-ամյա բնակիչ Վլադիմիր Կերխանջաևը հայկական ու հունական արմատներ ունի: Նա ծնվել է 1924 թվականին՝ Ալավերդի քաղաքում: 1942 թվականին նա զորակոչվել է Կարմիր բանակ, և Հայրենական մեծ պատերազմի տարիներին, ընդհանուր առմամբ, մոտ 1.800 պայթյունավտանգ սարք է վնասազերծել:










