Դմիտրի Խառատյանը պատմել է՝ ինչպես է Թրամփի հետ նույն ֆիլմի տիտրերում հայտնվել (լուսանկար)
Ռուսաստանաբնակ հայազգի դերասան Դմիտրի Խառատյանը պատմել է՝ ինչպես է ինքը տարիներ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նույն ֆիլմի տիտրերում հայտնվել:
Ինչպես նշում է Delfi.Lt կայքը, այս մասին նա խոսել է լատվիական Յուրմալա քաղաքում անցկացվող Jūras Pērle երաժշտական փառատոնի ժամանակ:
Դերասանի խոսքով, երբ ռեժիսոր Լեոնիդ Գայդայը նախաձեռնել էր Խառատյանի մասնակցությամբ «Դերիբասովսկայա փողոցում միշտ լավ եղանակ է, իսկ Բրայթոն Բիչում նորից անձրև է գալիս» ֆիլմի (1992 թ.) նկարահանումները, Թրամփը նրան թույլ էր տվել նկարահանումների մի մասն անցկացնել իրեն պատկանող «Թաջ Մահալ» համալիրում: Սակայն դրա դիմաց միլիարդատերը խնդրել էր մի փոքր դեր տալ իրեն: Խառատյանի խոսքով՝ Գայդայը մերժել է: Բայց փոխարենը ֆիլմի վերջում ցուցադրվել են շնորհակալական տիտրեր՝ ուղղված Դոնալդ Թրամփին:
«Ֆիլմի նկարահանումները պետք է անցկացվեին կազինոյում: Թրամփը թույլ էր տվել անել դա իրեն պատկանող «Թաջ Մահալ» համալիրում: Փոխարենը նա խնդրել էր թեկուզ մի փոքր դեր տալ իրեն, սակայն Գայդայը մերժել էր՝ ասելով, որ տարօրինակ կնայվի, եթե այնպիսի անվանի դերասանների հետ, ինչպիսիք են Կուրավլյովը, Ջիգարխանյանը, Խառատյանը, նկարահանվի անհայտ մեկը», - պատմել է Խառատյանը:
Դերասանը հավելել է, որ որպես փոխհատուցում ֆիլմի ստեղծողները որոշել են ֆիլմի տիտրերում շնորհակալություն հայտնել ոչ միայն Թրամփին, այլև «Թաջ Մահալ» համալիրի անձնակազմին և Նյու Ջերսի նահանգի կառավարությանը:











