Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնն ազդարարեց թատերաշրջանի մեկնարկը

16:50 • 05.08.18

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը օգոստոսի 5-ին ազդարարեց թատերաշրջանի մեկնարկը:

Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում «Բարեկենդան»-ով      ազդարարվեց 83-րդ թատերաշրջանի մեկնարկը:  Թատրոնի նորանշանակ տնօրեն Արմինե Մանուկյանը, որն ավելի քան 10-ը տարի է, ինչ թատրոնում աշխատում է որպես բեմադրող ռեժիսոր,  «Արմենպրես»-ին փաստեց՝  երկար ժամանակ տիկնիկայինը  թատերաշրջանի  նմանատիպ  մեկնարկ չի ունեցել: 

1935 թվականին մայիսին Լենինականի Հայֆիլհարմոնիայի դահլիճում  ազդարարվեց տիկնիկային  թատրոնի գործունեության սկիզբը: Ռեժիսոր Հասմիկ Գյոզալյանի ղեկավարությամբ տիկնիկայինն իր առաջին թատերաշրջանը բացեց միանգամից 3՝ Յե. Վերեյակայաի «Հեղափոխական Տանյա», Կռիլովի «Կապիկն ու Հայելին» և «Տիկնիկային պարեր» բեմադրություններով: Մինչ օրս էլ թատրոնում պահպանվել է  թատրոնի առաջին աֆիշան: 

83 տարի անց փոխվել է շատ բան՝ տարածքը, անվանումը, խաղացանկը, բայց չի փոխվել տիկնիկային թատրոնի նպատակն ու գերխնդիրը՝   արժեհամակարգ, դասականը երեխաներին ճանաչելի դարձնել:

Տիկնիկային թատրոնը փորձում է ձեռքը ժամանակի զարկերակին պահելով՝ սահուն կերպով իրականացնել սերնդափոխություն. վաստակաշատ դերասանների կողքին աշխատում են երիտասարդները, երիտասարդ ռեժիսորներն էլ հնարավորություն ունեն բեմադրելու՝ դասական գործերը՝ նոր ոգով, բայց պահելով հայկական հեքիաթի շունչը:

«Թեև այս ողջ  ընթացքում Հայաստանի հնագույն թատրոններից մեկը ստեղծագործում է,  սակայն, պետք է ավելի ակտիվ գործենք՝ հատկապես ակտիվացնելով թատրոնի  հանրաճանաչման գործընթացը: Փորձում ենք տիկնիկային բերել նորը՝  չկորցնելով հինը»,-նշեց երիտասարդ տնօրենը:

Խոսելով տիկնիկայինի խնդիրներից՝ տնօրենը կարևորեց վերանորոգման և ներքին հարդարման հարցը: «Ավելի քան 30 տարի այս կառույցում վերանորոգում չի իրականացվել: Երբ հիմա նայում եմ, իմ սրտից արցունք է  կաթում: Որպես  մանկան թատրոն, շատ վատ վիճակում է: Փորձում ենք  գտնել բարերարներ  ու հովանավորներ՝ թատրոնը որոշակի շնչի  բերելու»,- հավելեց Արմինե Մանուկյանը:

 

 

 

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնն ազդարարեց թատերաշրջանի մեկնարկը