Հնագետների կողմից Վայոց ձորում մեծ քանակությամբ ամրոցներ են արձանագրվել, որոնք մինչ օրս անհայտ էին (տեսանյութ)

16:10 • 06.08.18

Վայոց ձորի մարզում Եղեգնաձորի արշավախմբերի շնորհիվ մինչ օրս անհայտ մեծ քանակությամբ ամրոցներ են արձանագրվել, որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել Ք.ա 2-րդ հազարամյակի վերջին և առաջին հազարամյակի առաջին կեսի մասին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

«Այդ հուշարձանների մի զգալի մասն ունի Վանի թագավորության շրջանի շերտեր: Մասնավորապես, արքաների կողմից կառուցած ամրոցների, բնակատեղիների մասին նոր պատկերացումներ ենք ունենում: Սրանք նոր փաստագրումներ են»,- նշեց Պավել Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ այս տարի նախատեսվում է նաև ուսումնասիրել ժայռափոր, ժայռակերտ կառույցներ, որոնց մեծ մասը նույնպես վերաբերում է Վանի թագավարության շրջանին:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը հայտնեց, որ Վայոց ձորը հնագիտական տեսանկյունից բավական հետաքրքիր տարածք է: Ըստ նրա՝ այստեղ գրեթե բոլոր ժամանակաշրջաններն արտացոլված են:

«Վայոց ձորում ուսումնասիում ենք մարդու բնակեցման վաղագույն փուլերը: Նոր հուշարձանների հայտնաբերումը շատ կարևոր է, որովհետև դրանք ցուցակներում չկան: Այդ հուշարձանները կարելի է օգտագործել զբոսաշրջությունը զարգացնելու գործում»,-ասաց Բորիս Գասպարյանը:

Միջերկրածովյան և արևելքի երկրների ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի գիտաշխատող Ռոբերտո Դանն իր արշավախմբի հետ Հայաստանում սկսել է աշխատել 2013 թվականից: Արշավախմբի ուսումնասիրման կենտրոնում այն տարածքներն են, որոնք տեղեկություն են պարունակում Ուրարտուի վերաբերյալ:

«Վերջին վեց տարվա աշխատանքը հաստատեց, որ մեծ ներուժ կա նշված տարածքներում: Վայոց ձորից կառանձնացնեի Քյոշք հնավայրը, որը, կարծում եմ, ուրարտական կենտրոնական հնավայրերից մեկն է լինելու»,-ասաց Ռոբերտո Դանը:

Մանրամասները՝ տեսանյութում: