27.500 դոլար. Փրինսի ալբոմի հազվագյուտ պատճենը վաճառվել է ռեկորդային գնով

17:01 • 07.08.18

Ամերիկացի երաժիշտ Փրինսի The Black Album լիամետրաժ ալբոմի հազվագյուտ պատճենը վաճառվել է 27.500 դոլարով, ինչը, The Guardian-ի հաղորդմամբ, դարձել է աշխարհի ամենախոշոր երաժշտական պորտալներից մեկի՝ Discogs-ի ռեկորդը:

Նշվում է, որ The Black Album-ի վաճառված նմուշը թվագրված է 1987 թվականով՝ չնայած ալբոմի պաշտոնական թողարկումը տեղի է ունեցել յոթ տարի անց՝ 1994 թվականին: Փրինսը բացատրել է սա այն հանգամանքով, որ 1980-ական թվականների վերջին ինքը չեղարկել է ձայնասկավառակի թողարկումը, իսկ գոյություն ունեցող պատճենները կոչ է արել ոչնչացնել:

«Ես հանկարծ հասկացա, որ մենք կարող ենք ցանկացած պահի մահանալ, իսկ մեզ կդատեն այն վերջին բանով, ինչ թողնում ենք մեզնից հետո: Չէի ուզում, որ այս չար, քայքայիչ բանը (The Black Album-ը) դառնա այդ վերջին բանը», - խոստովանել է երաժիշտն ամերիկյան Rolling Stone երաժշտական ամսագրին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Discogs-ում վաճառված ձայնասկավառակը հատուկ արժեք ունի, քանի որ աշխարհում այս ձայնասկավառակի ընդամենը մի քանի նմուշ կա, որոնցից մեկը պահպանել է Տորոնտոյում վինիլային ձայնասկավառակների գործարանի նախկին աշխատակիցը և միջնորդի օգնությամբ գաղտնի վաճառել այն պորտալի կայքում:

Հիշեցնենք, որ 2016 թվականին 57-ամյա ամերիկացի երգիչ Փրինսին մահացած են հայտնաբերել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի իր տանը:

27.500 դոլար. Փրինսի ալբոմի հազվագյուտ պատճենը վաճառվել է ռեկորդային գնով