Ռուսաստանում կյանքից հեռացել է «Պրոստոկվաշինոյի» հերոսներին ստեղծած Արկադի Շերը
ՌԴ Մոսկվայի մարզում մահացել է նկարիչ-մուլտիպլիկատոր, ռեժիսոր, գրող Արկադի Շերը, որն առավել հայտնի է որպես «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» մուլտֆիլմի բոլոր հերոսների և նկարազարդումների հեղինակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա քույր Սվետլանա Սուվորովան:
«Այսօր, կյանքի 85-րդ տարում, ծանր ու երկարատև հիվանդությունից հետո մահացել է իմ հարազատ եղբայր Արկադի Շերը: Նա հիանալի մարդ և տաղանդավոր նկարիչ էր: Թող վառ լինի նրա հիշատակը», - գրել է նկարչի քույրը:
ТАСС-ի հաղորդմամբ՝ 1959-1992 թվականներին Շերն աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Նրա միակ ռեժիսորական աշխատանքն է դարձել «Ուրախ կարուսել № 24. դեպք ճահճում»:
«Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» մուլտֆիլմից բացի՝ Շերը հանդես է եկել որպես «Կոշկավոր կատուն» (1968 թ.), «Վասյա Կուրոլեսովի արկածները» (1981 թ.) և այլ մուլտֆիլմերի նկարիչ:










