Ամերիկացի դերասան Մեթյու Փերին վիրահատության է ենթարկվել

13:17 • 08.08.18

«Ընկերները» հեռուստասերիալում Չենդլեր Բինգի դերով հայտնի ամերիկացի դերասան Մեթյու Փերին հոսպիտալացվել է և աղեստամոքսային տրակտի վիրահատության ենթարկվել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Ինչպես նշել է դերասանի ներկայացուցիչը, բժիշկները լուրջ խնդիր են հեռացրել, որը կարող էր սպառնալ նրա կյանքին:

«Այժմ Մեթյու Փերին գտնվում է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում՝ աղեստամոքսային տրակտի վիրահատությունից հետո»,- հաղորդել է աղբյուրը:

TMZ-ի հաղորդմամբ՝ Փերիի հստակ ախտորոշումն անհայտ է, սակայն, ամենայն հավանականությամբ, խոսքը ստամոքսի կամ աղիքների հատվածում վնասվածքի մասին է, որի առաջացման պատճառ կարող էր դառնալ որդանման ելունի բորբոքումը (ապենդիցիտ) կամ դիվերտիկուլիտը:

Փերիի ներկայացուցիչը նշել է, որ դերասանը շնորհակալություն է հայտնել իր բոլոր երկրպագուներին՝ իր առողջության համար անհանգստանալու համար, սակայն նաև խնդրել է հարգել ու չխառնվել իր անձնական կյանքին: