Վերջին պահին կնքված գործարքն իրավունք է տվել Իսրայելին հյուրընկալել «Եվրատեսիլ-2019»-ը

11:58 • 15.08.18

Իսրայելի հանրային հեռարձակողը (Kan) հայտարարել է, որ լուծել է «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթն Իսրայելի տարածքում անցկացնելու շուրջ ծագած ֆինանսական խնդիրը, հայտնում է Al Arabiya-ն՝ մանրամասնելով, որ ֆինանսական գործարքը կնքվել է եվրոպացի կազմակերպիչների սահմանած վերջնաժամկետից ժամեր առաջ:

Հայտնի է, որ 12 մլն եվրո չվճարելու դեպքում Իսրայելը, անկախ իր մասնակցի կրած հաղթանակից, կզրկվեր հեղինակավոր երգի մրցույթն իր երկրում անցկացնելու իրավունքից:

Հիշեցնենք, որ Իսրայելի ներկայացուցիչ Նետա Բարզիլայը մայիսին հաղթել էր «Եվրատեսիլ-2018»-ում: Սակայն  Kan-ի ու Իսրայելի կառավարության միջև առաջացած վեճը, որը վերաբերում էր Եվրոպական հեռարձակողների միությանը 12 մլն դոլար վճարելուն, վտանգել էր միջոցառումը հյուրընկալելու հեռանկարը:

Հայտնի է, որ Kan-ը կառավարությունից պահանջում էր աջակցել միլիոնների վճարման հարցում, սակայն Ֆինանսների նախարարությունից ասել էին, որ Kan-ը պետք է վճարումն անի իր բյուջեից:

Ի վերջո, պետական հեռարձակողը հայտարարել էր, որ «եվրատեսիլյան ճգնաժամն ավարտված է» և որ Kan-ը կվճարի 12 մլն դոլարը:

Վերջին պահին կնքված գործարքն իրավունք է տվել Իսրայելին հյուրընկալել «Եվրատեսիլ-2019»-ը