Սլովակիայում կնոջը ձերբակալել են 16 տարի հարևաններին Վերդիի «Տրավիատա»-ով «ահաբեկելու» համար (տեսանյութ)

09:12 • 15.08.18

Սլովակիայի բնակչուհի Եվա Ն.-ն ձերբակալվել է ոստիկանության կողմից, քանի որ անտեսել է երկրի գերագույն դատարանի վճիռն այն մասին, որ այլևս չպետք է առավոտից երեկո միացնի Ջուզեպպե Վերդիի հանրահայտ «Տրավիատա» օպերայից 4 րոպեանոց արիան:

Ինչպես նշում է Oddity Central-ը, կնոջ հարևաններն արդեն անգիր գիտեն այդ արիան, քանի որ Եվան 16 տարի շարունակ ամեն օր միացնում է այն: Հարևանների խոսքով՝ կինն իր բաց պատշգամբում բարձրախոսներ է տեղադրել ու ամբողջ օրը դա է «պտտում»:

Հարևանները տարիներ շարունակ փորձել են խելքի բերել կնոջը: Նրանք դիմել են ոստիկանություն, ապա՝ Արդարադատության նախարարություն: Սակայն Եվան անտեսել է բոլոր պահանջներն ու նախազգուշացումները՝ առավոտյան ժամը 6-ից մինչ երեկոյան 22։00-ն միացնելով Պլասիդո Դոմինգոյի կատարմամբ արիան:

16 տարի տևած «դասական տեռորից» հետո Սլովակիայի գերագույն դատարանը վճռել է, որ կինն իրավունք չունի այդքան բարձր երաժշտություն միացնել: Եվան անտեսել է վճիռը, ինչից հետո ձերբակալվել է:


«Իհարկե, մենք սիրում ենք դասական երաժշտություն և Պլասիդո Դոմինգոյին, բայց ոչ այս աստիճան»,-նշել է հարևաններից մեկը:

 

Սլովակիայում կնոջը ձերբակալել են 16 տարի հարևաններին Վերդիի «Տրավիատա»-ով «ահաբեկելու» համար (տեսանյութ)