1942-2018. «սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինի անցած ուղին՝ Reuters-ի ուշագրավ ֆոտոշարքում
Ինչպես ավելի վաղ հաղորդել է Tert.am-ը, օգոստոսի 16-ին ԱՄՆ-ի Դետրոյթ քաղաքում կյանքից հեռացել է 20-րդ դարի ամենահայտնի երգչուհիներից մեկը՝ «սոուլի թագուհի» կնքված Արետա Ֆրանկլինը:
Reuters գործակալությունը ծավալուն ֆոտոշարքով անդրադարձել է տաղանդաշատ երգչուհու անցած ուղուն՝ լուսանկարներով ներկայացնելով ամենադիտարժան պահերը:
Ֆրանկլինը վերջին մի քանի տարում պայքարել է առողջական լուրջ խնդիրների դեմ: Նախորդ տարի նա չեղարկել էր մի շարք համերգներ, քանի որ բժիշկները երգչուհուն արգելել էին բեմ բարձրանալ:
Աստղի վերջին համերգը տեղի է ունեցել 2017թ. օգոստոսին:
Հայտնի է, որ Ֆրանկլինն ամբողջ կյանքի ընթացքում պայքարել է ավելորդ քաշի դեմ, ալկոհոլի չարաշահման, ինչպես նաև ծխելու հետ խնդիրներ է ունեցել: 2011թ. լուրեր են տարածվել, որ նա քաղցկեղով է հիվանդ, սակայն երգչուհին հերքել էր դա:
Արետա Ֆրանկլինը եղել է Ռոքնռոլի փառքի սրահում ներկայացված առաջին կինը: Նա արժանացել է 20 «Գրեմմի»՝ այդ թվում նաև 3 հատուկ մրցանակի:















