«Նա ինձ համար աշխատել է տարբեր առիթներով». Թրամփի՝ Արետա Ֆրանկլինի մահվան կապակցությամբ ցավակցությունը ոչ միանշանակ է ընդունվել
Օգոստոսի 16-ին Դետրոյթում 76 տարեկանում կյանքից հեռացել է 20-րդ դարի լավագույն երգչուհիներից մեկը՝ արտասովոր ուժեղ ու արտահայտիչ ձայնի շնորհիվ «սոուլի թագուհի» կնքված Արետա Ֆրանկլինը, ինչի կապակցությամբ իրենց ցավակցություններն են հղել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն ու նախկին ղեկավար Բարաք Օբաման:
The Guardian-ը նկատում է, որ Օբամայի հրապարակած ցավակցական տեքստը մեծարել է «աստվածատուր ձայնով օժտված երգչուհու անցած ուղին», արտահայտել նրա կորստով պայմանավորված անկեղծ ցավը:
«Արետայի ձայնի մեջ մենք լսում էինք մեր պատմությունը, դրա ամեն մի երանգը՝ մեր հզորությունն ու վիշտը, լույսն ու խավարը, փրկության ուղու որոնումն ու այդքան մեծ դժվարությամբ վաստակած հարգանքը»,-նշել է Օբաման:
Մինչդեռ Թրամփը, պարբերականի բնորոշմամբ, նույնիսկ ցավակցական տեքստում առիթը բաց չի թողել ինքնագովազդով զբաղվելու համար:
«Ցավակցություն եմ հայտնում մի մարդու ընտանիքին, որին ես շատ լավ ճանաչում էի: Նա ինձ համար աշխատել է տարբեր առիթներով»,-ասել է նախագահը՝ հավելելով, որ «Արետա Ֆրանկլինի թողած յուրահատուկ ժառանգությունը դեռևս ոգեշնչելու է շատ ու շատ սերունդների»:
«Նա Աստծո կողմից պարգև էր ստացել իր ձայնը, որն էլ շատ ճիշտ օգտագործում էր: Նա առանձնահատուկ կին էր»,-ասել է Թրամփը:
Այնուհանդերձ՝ ԱՄՆ նախագահը չի մանրամասնել, թե որտեղից է երգչուհուն այդքան լավ ճանաչում ու ինչ առիթներով է նա միլիարդատիրոջ համար աշխատել:











