Մադոննան արձագանքել է MTV-ի մրցանակաբաշխության ժամանակ Արետա Ֆրանկլինին նվիրված ելույթում առավելապես իր մասին խոսելու շուրջ սկանդալին (տեսանյութ)
Ամերիկյան հայտնի երգչուհի Մադոննան արձագանքել է սոցցանցերում իր շուրջ ծագած սկանդալին, որը վերաբերում է MTV VMA երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինի հիշատակին նվիրված իր ելույթին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 60-ամյա Մադոննային համատարած քննադատել էին Ֆրանկլինի հիշատակին նվիրված ելույթում ոչ թե հանգուցյալի, այլ առավելապես իր մասին խոսելու համար:
Այժմ երգչուհին բացատրել է, որ իրականում այդ ելույթը Ֆրանկլինի հիշատակին նվիրված չի եղել:
«Պարզաբանելու համար ասեմ, որ ինձ խնդրել էին հայտարարել «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում հաղթողին: Հետո նրանք ինձ խնդրեցին բեմից որևէ բան պատմել՝ կապված Արետա Ֆրանկլինի հետ: Ես պատմեցի ու շնորհակալություն հայտնեցի Արետային ինձ ոգեշնչելու համար: Բայց ես նրան նվիրված ելույթով հանդես գալու նպատակ չունեի: Իրականում դա անհնար կլիներ անել 2 րոպեում ու նման աղմկոտ միջոցառման ժամանակ»,-բացատրել է երգչուհին:
Աղբյուրը հիշեցնում է, որ օգոստոսի 20-ին կայացած մրցանակաբաշխության ժամանակ Մադոննան բեմ էր բարձրացել, իսկ նրա հետևի մեծ էկրանին ցուցադրվել էր Ֆրանկլինի պատկերը, ուստի՝ տպավորություն էր ստեղծվել, թե դա նրա հիշատակին նվիրված ելույթ է լինելու:
Տասը րոպեանոց ելույթի ժամանակ Մադոննան վերհիշել է իր կարիերայի սկիզբն ու լսումներից մեկի ժամանակ Արետա Ֆրանկլինի You Make Me Feel Like A Natural Woman հիթի կատարմամբ հանդես գալն ու տապալվելը:










