Ջոն Լենոնին սպանողին 10-րդ անգամ մերժել են վաղաժամ ազատ արձակելու հարցում

08:04 • 24.08.18

ԱՄՆ-ում պայմանական վաղաժամ ազատ արձակման հարցով հանձնաժողովը 10-րդ անգամ հրաժարվել է ազատ արձակել Ջոն Լենոնին սպանողին՝ Մարկ Դևիդ Չեփմենին, հայտնում է New York Daily News-ը:

Չեփմենն արդեն տասներորդ անգամ է պայմանական ազատ արձակման մասին դիմում ներկայացնում, սակայն ամեն անգամ մերժում է ստանում: Հերթական մերժումը նշանակում է, որ նա բանտում կանցկացնի ևս առնվազն երկու տարի: Վերջին անգամ նմանատիպ դիմում նա ներկայացրել էր 2016 թվականին:

Պարբերականի տվյալներով՝ հանձնաժողովը որոշել է մերժել Չեփմենին, քանի որ նրան ազատ արձակելը «անհամատեղելի կլինի հասարակության անվտանգության ու բարեկեցության հետ և դրանով իսկ կարժեզրկի հանցագործության լրջությունը»:

Լենոնի այրին՝ Յոկո Օնոն հրաժարվել է մեկնաբանել այս որոշումը, սակայն նրա փաստաբան Ջոնաս Հերբսմանը հայտնել է, որ Օնոն հանձնաժողովին նամակ է հղել՝ խնդրելով ազատ չարձակել Չեփմենին:

1980 թվականի դեկտեմբերի 8-ին Մարկ Դևիդ Չեփմենը հինգ անգամ կրակել է հայտնի երաժշտի մեջքին, երբ նա կնոջ՝ Յոկո Օնոյի հետ միասին վերադառնում էր Hit Factory ձայնագրման ստուդիայից: 25 րոպե անց բժիշկները գրանցել են Լենոնի մահը:

Չեփմենը չի փորձել փախչել հանցագործության վայրից և ոստիկանությունը նրան ձերբակալել է հենց այդտեղ՝ Ջերոմ Սելինջերի «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» գիրքն ընթերցելիս:

Դատարանը Չեփմենին մեղսագիտակ է ճանաչել և դատապարտել է ցմահ ազատազրկման՝ 20 տարի անց պայմանական վաղաժամ ազատ արձակման մասին դիմում ներկայացնելու իրավունքով:

Ջոն Լենոնին սպանողին 10-րդ անգամ մերժել են վաղաժամ ազատ արձակելու հարցում