Արմեն Խան, կամ Արմեն Պեչենկին. Ջիգարխանյանը պատմել է իր ազգանունը փոխելու առաջարկի մասին

12:38 • 25.08.18

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հարցազրույց է տվել «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին ու պատմել վերջին մեկ տարում ապրել սովորելու, նաև՝ դժվարությունների մասին, որոնց նա բախվել է 50 տարի առաջ Հայաստանից Մոսկվա տեղափոխվելուց հետո։


«Երբ ես 50 տարի առաջ Երևանից եկա Մոսկվա, իմ ընկերներից մեկը խորհուրդ տվեց ինձ փոխել ազգանունս։ Կա՛մ բարեհնչության համար, կա՛մ այլ ինչ-որ բանի։ Եվ մտածեց մի տարբերակ՝ «Ջիգյար» հայերեն նշանակում է լյարդ, ռուսերեն՝ печень։ Ընկերս ասաց՝ կլինես Պեչենկին կամ իմ ազգանվան վերջին մասով՝ Խան։ Կլինես Արմեն Խան, կամ Արմեն Պեչենկին։ Հետո պարզվեց, որ ազգանվան «բարեհնչությունն» էլ կապ չունի դերասանի մասնագիտության մեջ...»,- պատմել է դերասանը։


Իսկ լրագրողի այն հարցին՝ կարողանում է արդյոք սկանդալային ամուսնալուծությունից հետո շարունակել ապրել և ուրախանալ կյանքով, նա ասել է. «Անպայման։ Շարունակում եմ զարմանալ և ուրախանալ։ Վերջին մեկ տարում ես սովորեցի լավ ապրել։ Եվ կասեմ ձեզ մի գաղտնիք՝ ինչպես դա անել։ Եթե ուզում ես լավ ապրել, պետք է ուժեղ քեզ սիրես։ Դա իմ բանաձևն է»։


Նա հավելել է, որ նախկինում կարծում էր, թե առաջին հերթին պետք է մտածել հայրենիքի, հետո՝ թատրոնի, և վերջում սեփական անձի մասին։ Իսկ այժմ այլ կերպ է մտածում։


Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի և նրանից 44 տարով փոքր կնոջ`Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր նախորդ տարվա հոկտեմբերին: Այն ժամանակ արտիստը հոսպիտալացվել էր ու պատմել, որ «ստոր կինը խաբեությամբ տիրացել է իր ունեցվածքին»:


Անցյալ տարվա նոյեմբերի վերջին դատարանը բավարարել է Ջիգարխանյանի՝ ամուսնալուծության վերաբերյալ հայցը, իսկ դեկտեմբերի սկզբին Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ մեղադրանք է ներկայացվել՝ տարեց ամուսնու անձնական կյանքին վերաբերող նյութերն առանց նրա համաձայնության լրատվամիջոցներում տարածելու համար:


Նշվում է, որ կնոջն ազատ են արձակել չմեկնելու մասին ստորագրության դիմաց: Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի փաստաբանը նշել է, որ մեղադրանքները հորինված են և որ ինքը գործում դատական հեռանկար չի տեսնում:


Թեև Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բողոքարկել էր ամուսնալուծության մասին որոշումը, դատարանը որոշել է այն անփոփոխ թողնել:

 

Արմեն Խան, կամ Արմեն Պեչենկին. Ջիգարխանյանը պատմել է իր ազգանունը փոխելու առաջարկի մասին