Փրինսի հարազատները դատի են տվել երգչի նախկին բժշկին. ABC
2016 թվականին մահացած երգիչ Փրինսի հարազատները դատի են տվել նրա նախկին բժշկին՝ հայտարարելով, որ վերջինս չի կարողացել ճիշտ ախտորոշել ափիոնային կախվածությունն ու նշանակել համապատասխան բուժումը: Այս մասին հարղորդում է tass.ru-ն՝ ABC հեռուստաընկերությանը հղումով:
Հեռուստաընկերության տվյալներով՝ բժիշկ Մայքլ Շուլենբերգի դեմ դատական հայցն արդեն ներկայացվել է Մինեսոտա նահանգի դատարան: Փաստաթղթում երգչի հարազատները պնդում են, որ Շուլենբերգը չի կարողացել «պատշաճ կերպով հետազոտել, ախտորոշել ու բուժել [երգչին], ինչպես նաև տալ Փրինսին բժշկական խորհուրդներ՝ կապված նրա արտահայտված ափիոնային կախվածության հետ»: Հայցվոր կողմի պնդմամբ՝ բժիշկը նաև չի հարողացել հետագայում «անհրաժեշտ քայլեր ձեռնարկել», որպեսզի հնարավոր լիներ խուսափել մահվան ելքից: «Ընդունված բժշկական պրակտիկայի չափանիշներից նման հեռացումը մեծապես նպաստել է Փրինսի մահվանը»,- նշվում է ներկայացված հայցում:
Ապրիլին երգչի հարազատներն արդեն դատի էին տվել Իլինոյս նահանգում գտնվող այն բժշկական կենտրոնը, որտեղ բուժվում էր Փրինսը մահից մեկ շաբաթ առաջ, սակայն այժմ նրանք մտադիր են չեղարկել այդ դատական հայցն ու կենտրոնանալ Շուլենբերգի դեմ ներկայացված մեղադրանքի վրա:
Հայցով պահանջված փոխհատուցման հստակ չափը չի նշվում, սակայն Аssociated Press գործակալության տվյալներով՝ երգչի հարազատներն ակնկալում են ստանալ ավելի քան 50 հազար դոլար:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 21-ին 57-ամյա ամերիկացի երգչին մահացած են հայտնաբերել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի իր տանը:










