Վիլյամ Սարոյանին պատկանող ամեն ինչ պետք է պահպանվի. «Սարոյան Հաուս» նախագիծը կփրկի այդ ամենը կորստից. ռեժիսոր Ջուլիետ Կաժոյան
Արթուր Ջանիբեկյանի «Սարոյան Հաուս» նախագծի գաղափարն ուղղակի հրաշալի է, ավելի լավ բան չէր էլ կարելի մտածել:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հեռուստատեսային լրագրող, ռեժիսոր Ջուլիետ Կաժոյանը, ով մի շարք հայտնիներին նվիրված վավերագրական ֆիլմերից բացի հեղինակել է նաև Վիլյամ Սարոյանին նվիրված ֆիլմը:
«Ֆրեզնոյում Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը հրաշալի անկյուն կլինի՝ Սարոյանի ոգով լեցուն: Կարևոր փաստն այն է, որ տունը կա և որպես այդպիսին պետք է պահպանվի, իսկ թե տան ինտերիեր կոչվածն ինչ ձևով կլինի, դա ժամանակի խնդիր է. այն դեռ ընթացքում կհարստանա: Իսկ հիմա ինչ արել և հասցրել են մինչև օգոստոսի 31-ի համար, ինձ համար մեծ գոհունակություն է առաջացնում»,- ասաց նա:
Ջուլիետ Կաժոյանը տեղյակ է, որ տուն-թանգարանին ժամանակակից ոճով լուծումներ են տրվել:
«Գիտեմ, որ իր իրերից քիչ են ձեռք բերվել, և ըստ նկարագրի՝ ժամանակակից ոճով իր ոգին, իր կենդանի կերպարը պետք է անընդհատ տան մեջ լինի, նույնիսկ խոսքը, ձայնը լսելի լինի, և դա չափազանց հետաքրքիր է: Որպես Սարոյան սիրող՝ ինձ համար ամեն անգամ Սարոյանի անուն տալը, նոր գրքի վերահրատարակումը, չբեմադրված պիեսների բեմադրումը թանկ իրողություններ են, որոնք նախագծի շրջանակներում ևս կան»,-ասաց նա:
Ռեժիսոր Կաժոյանը նշեց, որ մեծ գրողին պատկանող ամբողջ նյութը, ինչ հնարավոր է փրկել, պետք է կենտրոնանա նրա տուն-թանգարանում: «Ես գոնե գիտեմ նրա գոյությունը հաստատող հեռուստատեսային տեսագրությունների մասին ՝ հարցազրույց և այլն, որ Հանրային հեռուստաընկերությունում գոյություն ունեն, դրանք էլ, կարծում եմ, տուն-թանգարանում կլինեն: Գիտեմ, որ Սարոյանի նյութական իրերը քիչ են՝ գրամեքենա, որոշ իրեր, փոխարենը կինոնկարահանումները, հաղորդումները, հրատարակված գրքերը, մակագրությունները, լուսանկարները շատ են»,- ասաց նա:
Ջուլիետ Կաժոյանը հույս ունի, որ Սարոյանի տուն-թանգարան այցելելիս կփոխանցվի նրա ոգեղեն, լուսավոր էությունը: «Ինքն այնքան ոգեղեն, լուսավոր մարդ էր, որ որտեղ հայտնվում էր, լցվում էր Սարոյանով: Նրա այցը Հայաստան այնպիսի ոգևորություն էր առաջացրել, առաջին անգամ կարելի էր նման երևույթի ականատես լինել Հայաստանում. երբ Սարոյանը շրջում էր, որտեղ հայտնվեր, մի քանի րոպե հետո հազարավոր մարդիկ էին նրան շրջապատում: Ես կուզենայի՝ ամբողջը հավաքագրվեր, ամեն մի մասնիկ պետք է փրկվի: Ես կարող եմ անկեղծանալ և ասել, որ մի հանդիպման ժամանակ, երբ ինքը օղի է խմել, ես բաժակը վերցրել, պահել եմ, մինչև այսօր ինձ համար դա մի մեծ մասունք է: Ամեն ինչ, ամեն փոքրիկ դրվագ պետք է պահպանվի, որովհետև կորստի վտանգը մեծ է, և սա այն նախագիծն էր, որ կփրկի կորստից»,- ասաց նա:
Նշենք, որ Վիլյամ Սարոյանի 110-ամյակին օգոստոսի 31-ին Ֆրեզնոյում կբացվի նրա տուն-թանգարանը:
Հիշեցնենք, որ Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ և մշակութային ռենեսանս» հիմնադրամը 2015 թվականին գնել է Վիլյամ Սարոյանի առանձնատունը, վերակառուցել որպես տուն-թանգարան և Սարոյանին պատկանող և առնչվող հնարավոր բոլոր նյութերը հավաքագրել:
Տուն-թանգարանը, ըստ «Սարոյան Հաուս» նախագծի, ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոններ և այլ մշակութային միջոցառումներ:










