Սարոյանի տուն-թանգարանի վիրտուալ հնարավորությունները գուցե ոմանց օգնեն հայտնաբերել Սարոյանին, մյուսներին՝ վերհիշել նրան. Արամ Օհանյան
Օգոստոսի 31-ին՝ ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 110-ամյակին, Ֆրեզնոյում կբացվի Սարոյանի տուն-թանգարանը, որը վիրտուալ, նորարարական լուծումներով կլինի միակը տարածաշրջանում:
Հիշեցնենք, որ 2016թ-ին Արթուր Ջանիբեկյանի հիմնադրած «Ինտելեկտուալ և մշակութային ռենեսանս» հիմնադրամի կողմից ձեռք բերվեց ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյում աճուրդի հանված առանձնատունը, վերակառուցվեց որպես տուն-թանգարան, որը «Սարոյան Հաուս» նախագծով կդառնա մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար:
Թանգարանի ձևավորման հարցում հիմնադրամի առաջարկով իրենց ներդրումն են ունեցել նաև սարոյանագետներն ու սարոյանասերները: Նրանց թվում է նաև թարգմանիչ Արամ Օհանյանը, ով Սարոյանի լուսանկարների իր հավաքածուն տրամադրել է տուն-թանգարանին:
Tert.am-ի հետ զրույցում Արամ Օհանյանը նշեց, որ տուն-թանգարանն իր վիրտուալ հնարավորություններով լավ միջոց կլինի, որ Ֆրեզնոյում և Ֆրեզնոյից դուրս ոմանք գուցե այդ ձևով Սարոյանին հայտնաբերեն իրենց համար, մյուսները՝ վերհիշեն նրան:
««Ինտելեկտուալ և մշակութային ռենեսանս» հիմնադրամը լավ գործ է կատարել, որ գնել է տունը, վերանորոգել, ստեղծել թանգարանային էքսպոզիցիան. Վիլյամ Սարոյանը պետք է ունենար տուն-թանգարան»,- ասաց նա: Ըստ նրա՝ տասնյակ այլ մարդիկ ևս իրենց ներդրումն են ունեցել և դեռ կշարունակեն համատեղ աշխատանքը:
Օհանյանը նկատեց, որ Սարոյանի ծննդավայր Ֆրեզնոյում, իհարկե, կան կենտրոններ, որտեղ Սարոյանի անունը հիշատակվում է, բայց տուն, որտեղ ինքն ապրել է, չկա:
«Հիմա գոնե մեկ տեղ կա, որ կարող ես ասել, որ այստեղ ապրել է Վիլյամ Սարոյանը»,- ասաց նա:
Արամ Օհանյանը նշեց, որ տուն-թանգարանում շեշտը դրվում է ոչ թե նրա վրա, որ ինչքան հնարավոր է՝ Սարոյանին պատկանող շատ իրեր հավաքեն, այլ շեշտը դրվում է «թանգարանի վիրտուալության վրա»:
«Մեծ քանակությամբ իրեր, կարծում եմ, այնտեղ չեն լինի, և ինձ թվում է, որ պետք էլ չէ: Կարևորը՝ հաջողվի այդ տնակում ստեղծել սարոյանական մթնոլորտ՝ գրադարան, որ ցանկացած մարդ մտնի, թերթի, զգա նրա ներկայությունը»,- ասաց նա:
Թարգմանիչ Օհանյանի տեղեկությամբ՝ թանգարանի համար հավաքվել են Սարոյանի հարյուրավոր լուսանկարներ, որոնք հիմնականում պահվել են անձնական հավաքածուներում, և շատերը չեն էլ տեսել այդ նկարներն ընդհանրապես:
«Հետաքրքիր է Սարոյանի վիզուալ իմիջը, որը շատերի համար սահմանափակվում է Սարոյանի պատկերով, որով նա ներկայացել էր Հայաստանում 1976-78 թթ-ին իր վերջին երկու այցի ժամանակ, երբ արդեն ծեր և հիվանդ էր: Բայց կան շատ հետաքրքիր, երիտասարդ տարիքի նկարներ, որոնց մասին շատերը հենց Հայաստանում տեղյակ չեն, Ֆրեզնոյում միգուցե հիշում են, այնպես որ այստեղ՝ տուն-թանգարանում, ստեղծագործական տեսակետից երևակայությունը չունի ոչ մի սահմանափակում, այստեղ կարելի է ցանկացած գաղափար իրականացնել վիրտուալ միջոցներով և ստանալ շատ հետաքրքիր լուծումներ»,-ասաց նա:
Ըստ թարգմանչի՝ ճիշտ է նաև այն գաղափարը, որ Սարոյանի տուն-թանգարանը լինի հենց Ֆրեզնոյում: «Մյուս կողմից էլ՝ քանի որ վիրտուալ է, ինքը թույլ կտա տարբեր թեմաներ շոշափել այդ շատ փոքր տարածքում: Բացի դրանից, ըստ նախագծի հեղինակների՝ հնարավոր է նաև՝ թանգարանում լինի հետազոտական մաս, քանի որ տարբեր քաղաքներում գոյություն ունեն անձնական, հանրային և համալսարանական սարոյանական արխիվներ, և Ֆրեզնոյի թանգարանը կլինի այդ ամենի կենտրոնը կամ հանգույցը, որտեղ բոլոր այդ կապերը կմիանան, դա շատ հետաքրքիր կլինի, մեկ կետից հնարավոր կլինի մուտք գործել մյուս արխիվներ»,- ասաց նա:










