Իտալիայում մեկնարկում է Վենետիկի 75-րդ կինոփառատոնը

12:27 • 29.08.18

Այսօր իտալական Լիդո կղզում բացվում է Վենետիկի 75-րդ կինոփառատոնը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Կինոփառատոնի հիմնական մրցույթին մասնակցում է 21 ֆիլմ, իսկ միջազգային ժյուրին կգլխավորի մեքսիկացի կինոռեժիսոր և սցենարիստ Գիլյերմո Դել Տորոն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ փառատոնը կբացի ամերիկացի ռեժիսոր Դեմյեն Շազելի «Մարդը Լուսնի վրա» ֆիլմը, որը կպատմի դեպի Լուսին առաջին ուղևորության և այն բանի մասին, թե ինչ գնով է տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը հասել դրան:

Բացի Գիլյերմո Դել Տորոյից՝ մրցույթի ժյուրիի կազմում կլինեն դերասանուհի Նաոմի Ուոթսը, դերասան և ռեժիսոր Կրիստոֆ Վալցը, ռեժիսոր, դերասան և սցենարիստ Տայկա Վայտիտին, ռեժիսոր և սցենարիստ Պաոլո Ջենովեզեն, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մալգոժատա Շումովսկայան և այլք:

Նշվում է, որ կինոփառատոնը կտևի մինչև սեպտեմբերի 8-ը:

Վենետիկի կինոփառատոնն աշխարհի ամենահին միջազգային կինոփառատոնն է, որն անցկացվում է ամեն տարվա օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին՝ Լիդո կղզում: Առաջին անգամ այն անցկացվել է 1932 թվականի օգոստոսի 6-21-ը՝ որպես կինեմատոգրաֆիկ արվեստի ցուցահանդես (Esposizione d'Arte), որը եղել է Վենետիկի բիենալեի մի մասը:

Իտալիայում մեկնարկում է Վենետիկի 75-րդ կինոփառատոնը