«Եթե դու չընդունես նրա «կանխավճարները», ապա նա հաստատ կկոտրի քո ծնկները»․ Սալմա Հայեքը պատմել է Վայնշտեյնի հետ աշխատանքի մասին
Հայտնի դերասանուհի Սալմա Հայեքը պատմել է Հոլիվուդի երբեմնի ամենաազդեցիկ պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի՝ ժամանակին իրեն վախեցնելու բազմաթիվ փորձերի մասին։
Վայնշտեյնը, ում դեմ ուղղված են սեռական ոտնձգությունների կատարման բազմաթիվ մեղադրանքներ Հոլիվուդի ամենահայտնի դեմքերի կողմից, Հայեքի խոսքով, վախեցրել ու սպառնացել է իրեն «Ֆրիդա» ֆիլմի նկարահանումների ժամանակ։
Ինչպես գրում է 7days.ru-ն, դերասանուհին Օփրա Ուինֆրիի հետ զրույցում պատմել է, որ պրոդյուսերն իր հանդեպ ոտնձգություններ է արել նկարահանումների հենց առաջին օրվանից։
«Ես այնքան ուրախ էի, որ ստացա Ֆրիդայի դերը։ Սակայն շուտով ինձ մոտ եկավ վախեցած Ջուլի Թեյմորը (ֆիլմի ռեժիսորը) և ասաց․ «Նա խնդրել է քեզ փոխանցել, որ եթե դու չընդունես նրա «կանխավճարները», ապա նա հաստատ կկոտրի քո ծնկները»։ Ես, իհարկե, վախեցա։ Սակայն Հարվին առաջին տղամարդը չէր այդ ոլորտից, որ փորձում էր իրեն ինձ հետ նման կերպ պահել։ Եվ ես սովորել եմ՝ ինչպես պահել ինձ նման դեպքերում։ Գուցե այդ պատճառով ինձ հաջողվեց խուսափել բռնաբարությունից»,- հիշել է 51-ամյա գեղեցկուհին։
Նրա խոսքով՝ սանձարձակ պրոդյուսերը բավականին համառ էր ու երկար ժամանակ չէր հանձնվում։ Հայեքը հիշել է նրա բազմաթիվ ոտնձգությունների մասին և այն, թե ինչպես էր նա պարբերաբար մերժում Վայնշտեյնին՝ վտանգելով ոչ միայն կարիերան։
Սակայն ամենասարսափելին, ըստ դերասանուհու, այն էր, որ մեկ անգամ պրոդյուսերը բացեիբաց սպառնացել է սպանել նրան։
Ի վերջո, Վայնշտեյնն այդպես էլ չի զրկել դերասանուհուն նախագծին մասնակցությունից, քանի որ չի ցանկացել կորցնել ֆիլմում ներդրած մեծ գումարները։










