Պուտինը վերջին հրաժեշտն է տվել «ԽՍՀՄ-ի Սինատրային». Daily Mail-ի ֆոտոանդրադարձը՝ Կոբզոնին վերջին հրաժեշտի արարողությանը
Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին վերջին հրաժեշտի արարողությանը, որին ներկա է եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հատկանշական է, որ աղբյուրն 80-ամյա Կոբզոնին ներկայացնում է որպես Խորհրդային Միության Ֆրենկ Սինատրա:
Դատելով լուսանկարներից՝ Պուտինն ալ կարմիր վարդեր է դրել դագաղի մոտ, հետո նստել նրա այրու՝ Նելլի Կոբզոնի կողքին ու զրուցել:
Հայտնի է, որ անվանի երգչին վերջին հրաժեշտը տալու էին եկել բազմաթիվ մշակութային, հասարակական, քաղաքական գործիչներ, այլ բնագավառների ներկայացուցիչներ՝ այդ թվում նաև առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան, երգչուհի Ալլա Պուգաչովան:

Կոբզոնը ծնվել է Ուկրաինայի Չասով Յար գյուղում՝ աղքատ հրեաների ընտանիքում: Նա եղել է մանկական երգչախմբի անդամ ու ելույթ է ունեցել ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի առաջ:
Կոբզոնը հեղինակավոր Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայի շրջանավարտ է: Նա ճանաչում է ստացել 1960-ական թվականներին: Ավելի ուշ դարձել է Կոմունիստական կուսակցության անդամ, ինչպես նաև եղել է ԽՍՀՄ-ում հրեական համայնքի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը, մեծ ավանդ է ունեցել Իսրայելի ու ԽՍՀՄ-ի միջև դիվանագիտական կապերի վերականգնման հարցում:

Հատկանշական է, որ Կոբզոնը փորձել է կազմակերպել Ռուսաստանում իր վաղեմի կուռքի՝ Ֆրենկ Սինատրայի համերգային շրջագայությունը: Սակայն երբ Սինատրան իր համաձայնության դիմաց պահանջել է, որ ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովն իրեն ձեռքով գրված հրավեր ուղարկի ու թույլ տա համերգն անցկացնել հենց Կարմիր հրապարակում, Կոբզոնը նրան պատասխանել է կարճ հայհոյանքով:

ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Կոբզոնն ունի որդի, դուստր ու 10 թոռ:


















