Համացանցում է հայտնվել Անդերս Բրեյվիկի իրականացրած ահաբեկչությունների մասին պատմող ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

06:14 • 05.09.18

Ամերիկյան հայտնի Netflix սթրիմինգային ծառայությունը թողարկել է Նորվեգիայում 2011 թվականին տեղի ունեցած ահաբեկչությունների մասին պատմող «Հուլիսի 22» ֆիլմի պաշտոնական թրեյլերը: Տեսանյութը հրապարակվել է ծառայության պաշտոնական YouTube-յան ալիքում, գրում է Gazeta.ru-ն:

Ֆիլմի ռեժիսորն է Փոլ Գրինգրասը, որը հանդիսատեսին հայտնի է սուբերգործակալ Ջեյսոն Բորնի մասին ֆիլմերով: Ահաբեկչության կազմակերպչի՝ Անդերս Բրեյվիկի դերը կկատարի նորվեգացի դերասան Անդերս Դանիելսեն Լիեն:

«Հուլիսի 22»-ի պրեմիերան կկայանա Վենետիկի 75-րդ կինոփառատոնի շրջանակներում:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հուլիսի 22-ին Բրեյվիկը երկու ահաբեկչություն է իրականացրել Նորվեգիայում: Առաջինը՝ մայրաքաղաքի կենտրոնում, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով զոհվել է 8 մարդ, այնուհետև` Ուտոյա կղզում, որտեղ նա կրակ է բացել երիտասարդական ճամբարի մասնակիցների վրա՝ սպանելով 69 մարդու:

77 մարդու սպանության համար Բրեյվիկը 2012-ին դատապարտվել է 21 տարվա ազատազրկման, սակայն ժամկետը կարող է երկարաձգվել, եթե իշխանությունները գտնեն, որ Բրեյվիկը նախկինի պես սպառնալիք է ներկայացնում հասարակության համար:


Համացանցում է հայտնվել Անդերս Բրեյվիկի իրականացրած ահաբեկչությունների մասին պատմող ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)