«Քարտերի տնակ»-ի վերջին եթերաշրջանում Netflix-ը «սպանել» է գլխավոր հերոսին

02:59 • 06.09.18

Ամերիկացի դերասան Քևին Սփեյսիի մասնակցությամբ սկանդալների ֆոնին Netflix ընկերությունը պաշտոնապես հաստատել է «Քարտերի տնակ» հեռուստասերիալում ԱՄՆ նախագահ Ֆրենք Անդերվուդի մահը:

Հեռուստասերիալի պաշտոնական թվիթերյան էջում հրապարակվել է վեցերորդ եթերաշրջանի թիզերը, որում Քլեր Անդերվուդը դիմում է ամուսնուն՝ ասելով. «Ահա թե ինչ կասեմ քեզ, Ֆրե՛նսիս: Երբ ինձ թաղելիս կլինեն, դա չեն անի իմ ետնաբակում, իսկ ինձ հարգանքի տուրք մատուցելու համար նրանք ստիպված կլինեն սպասել իրենց հերթին»: Այս խոսքերից հետո Քլերը հեռանում է, իսկ հանդիսատեսը տեսնում է երկու շիրմաքար, որոնցից մեկը Անդերվուդի հոր շիրմաքարն է, մյուսը՝ հենց Ֆրենք Անդերվուդինը՝ թարմ ծաղիկներով և «Ֆրենսիս Ջ. Անդերվուդ, 1959-2017, Ամերիկայի Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ» գրությամ:

Ավելի վաղ Netflix-ն արդեն հաստատել էր, որ Սփեյսին, որը մարմնավորում էր հեռուստասերիալի գլխավոր հերոսին՝ ԱՄՆ նախագահ Ֆրենք Անդերվուդին, չի մասնակցելու հեռուստաշոուի վերջին եթերաշրջանի նկարահանումներին, որը կթողարկվի 2018 թվականի նոյեմբերի 2-ին: Նման որոշումը պայմանավորված էր դերասանի շուրջ ծագած լուրջ սկանդալներով, որոնք փաստացի ոչնչացրին նրա կարիերան:

«Քարտերի տնակ»-ի առաջին եթերաշրջանի ցուցադրությունը սկսվել է 2013թ.: Այն պատմում է ամուսիններ Ֆրենք և Քլեր Անդերվուդների մասին, որոնք, անցնելով քաղաքական հանցավոր ճանապարհ, հասել են Սպիտակ տուն՝ դառնալով ԱՄՆ-ի ղեկավարներ: Հեռուստաշոուն 33 անգամ ներկայացվել է հեղինակավոր «Էմմի» և 8 անգամ «Ոսկե գլոբուս» մրցանակների: Արդյունքում Սփեյսին ու Ռայթը «Ոսկե գլոբուս»-ի շրջանակում ճանաչվել են լավագույն դերասան և դերասանուհի:

«Քարտերի տնակ»-ի վերջին եթերաշրջանում Netflix-ը «սպանել» է գլխավոր հերոսին