Հայաստան և Արցախ այցելած Էնթոնի Բուրդենը հետմահու 6 «Էմմի» մրցանակի է արժանացել
CNN հեռուստաալիքի հայտնի հաղորդավար, խոհարար Էնթոնի Բուրդենը, որն անցյալ տարի ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի ուղեկցությամբ այցելել էր Հայաստան ու Արցախ և իր «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար ռեպորտաժներ պատրաստել, հետմահու 6 «Էմմի» մրցանակի է արժանացել:
Ինչպես գրում է Daily Mail-ը, ընթացիկ տարվա հունիսին Ֆրանսիայի հյուրանոցներից մեկում ինքնասպան եղած Բուրդենը պարգևատրվել է «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար՝ հաղթելով «Լավագույն ոչ գեղարվեստական հաղորդաշար», «Լավագույն ձայնային ձևավորում» և այլ անվանակարգերում։
Հայտնի է, որ մրցանակները ստացել է Բուրդենի գործընկերներից մեկը, որը հաղորդավարի հետ է աշխատել 20 տարի:
Հայտնի խոհարարի՝ տարբեր երկրների խոհանոցների մասին պատմող, քաղաքականությամբ համեմված հաղորդաշարը համարվում է CNN հեռուստաընկերության ամենաբարձր վարկանիշն ունեցող ծրագրերից մեկը:
CNN-ից տեղեկացրել են, որ 2018թ. կցուցադրվի հաղորդաշարի նոր նկարահանված 7 մաս:










