Ստալոնեն ազդարարել է «Ռեմբո»-ի հինգերորդ մասի նկարահանումների մեկնարկը
Հանրահայտ ամերիկացի դերասան Սիլվեստր Ստալոնեն հայտարարել է, որ շուտով կմեկնարկեն Վիետնամի պատերազմի վետերանի մասին պատմող «Ռեմբո» ֆիլմաշարի հինգերորդ մասի նկարահանումները:
«Սկսում եմ շուտով և շատ հուզված եմ…աշխարհը, գուցե, փոխվում է, բայց նա՝ ոչ: Ոչինչ դեռ ավարտված չէ»,- գրել է Ստալոնեն իր ինստագրամյան էջում՝ հրապարակելով գլխավոր հերոսի նկարը:
Ավելի վաղ Deadline պարբերականը հայտնել էր, որ նկարահանումները կարող են մեկնարկել սեպտեմբերին: Հայտնի է, որ ֆիլմի պրոդյուսերն է լինելու Ավի Լերները, որը ժամանակին հանդես է եկել որպես ֆիլմաշարի չորրորդ մասի պրոդյուսեր:
Հաղորդվում է, որ հինգերորդ ֆիլմում գլխավոր հերոսը կպայքարի Մեքսիկայի ամենադաժան կարտելներից մեկի դեմ՝ ընկերներից մեկի առևանգված դստերը փրկելու համար:
Ֆիլմաշարի առաջին մասը թողարկվել է 1982 թվականին, երբ Ստալոնեն 36 տարեկան էր, որից հետո թողարկվել է ևս երեք ֆիլմ՝ 1985, 1988 և 2008 թվականներին: Նախնական տվյալներով՝ ֆիլմաշարի հինգերորդ մասը նախատեսվում է թողարկել 2019 թվականին:










