Սերբիայի նախագահը Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանում դեսպանություն բացելու ցանկությունը

14:44 • 17.02.19

Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովին մասնակցող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։

Նախագահ Արմեն Սարգսյանը, կարևորելով Սերբիայի հետ հարաբերություններում առկա գործընկերային կապերը, ցանկություն է հայտնել ընդլայնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Նախագահը հատկապես կարևորել է Սերբիայի հետ նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության մշակման ոլորտում զարգացումը:

Իսկ Սերբիայի նախագահը վերահաստատել է Հայաստանում դեսպանություն բացելու ցանկությունը՝ ընդգծելով, որ մեր երկրում դիվանագիտական ներկայացուցչության բացումը նոր խթան կարող է հանդիսանալ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման գործում։

Զրուցակիցները խոսել են տնտեսական, առևտրային, կրթական, գիտական և մշակութային ոլորտներում փոխգործակցության հեռանկարների, ինչպես նաև՝ երկկողմ զբոսաշրջությունն ակտիվացնելու մասին։