Թրամփը կոչ է արել դաշնակից երկրներին դատարանի առաջ կանգնեցնել ԻՊ ահաբեկիչներին

10:42 • 17.02.19

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դաշնակից երկրներին, այդ թվում՝ Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, դատարանի առաջ կանգնեցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ավելի քան 800 գրոհայինների, որոնց ամերիկացի զինվորականները բռնել են Սիրիայում:

Twitter-ի իր պաշտոնական էջում Թրամփը հայտարարել է, որ եթե վերոնշյալ երկրները չանեն դա, ահաբեկիչները մեծ խնդիր կդառնան Եվրոպայի համար: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն չէր ցանկանա հետևել իրադարձությունների նման զարգացման:

Միևնույն ժամանակ ԱՄՆ ղեկավարը շեշտել է, որ ամերիկյան ուժերը կհեռանան Սիրիայի տարածքից ԻՊ-ի հանդեպ լիարժեք հաղթանակից հետո, ինչն էլ, ըստ նրա, տեղի կունենա շատ շուտով:

«Խալիֆաթը շուտով կկործանվի: Մենք հեռանում ենք Խալիֆաթի հանդեպ 100 տոկոսանոց հաղթանակից հետո», - ասել է Թրամփը: