Փարիզում մեկնարկել է «դեղին բաճկոնների» հոբելյանական երթը
Ելիսեյան դաշտերում մեկնարկել է «դեղին անթև բաճկոններ» շարժման կողմնակիցների համաձայնեցված երթը, որը նվիրված է Ֆրանսիայում բողոքի ցույցերի մեկնարկի երեքամսյա հոբելյանին:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, «դեղին բաճկոնների» հարյուրավոր կողմնակիցներ իրենց երթն սկսել են Հաղթանակի կամարի մոտից: Նախատեսվում է, որ նրանք կանցնեն մի շարք պողոտաներով, իսկ երթի եզրափակիչ կետը կլինի Մարսյան դաշտը, որտեղ հանրահավաք կանցկացվի:
Ֆրանսիական հեռուստաընկերության տվյալներով՝ երթը դեռևս հանգիստ է ընթանում՝ առանց միջադեպերի: Ակցիայի մասնակիցները պաստառներ են տանում՝ «հարկերն իջեցնելու» և «սոցիալական վճարները բարձրացնելու» իշխանություններին ուղղված պահանջով:
Հիշեցնենք, որ Փարիզում և այլ քաղաքներում բողոքի զանգվածային ցույցերը մեկնարկել էին նոյեմբերի 17-ին: Ցուցարարները պահանջում էին չբարձրացնել վառելիքի գինը: Թեև իշխանությունները համաձայնեցին որոշ քայլեր ձեռնարկել քաղաքացիներին գոհացնելու համար, ցույցերը չդադարեցին: Կառավարության սոցիալական քաղաքականությունից դժգոհ ֆրանսիացիները սկսեցին պահանջել կառավարության հրաժարականը:










