Ծառի տակ ապրելուց հետո Եմենի հիվանդանոց տեղափոխված 12-ամյա աղջիկը 10 կգ է կշռում
Պատերազմի ասպարեզի վերածված Եմենում բնակվող 12-ամյա Ֆաթիմա Քոբան ընդամենը 10 կգ էր կշռում, երբ նրան տեղափոխեցին հիվանդանոց:
Ինչպես հայտնում է Daily Sabah-ը, հիվանդանոցի գլխավոր բժշկի խոսքով՝ նրա մոտ թերսնուցման ծանրագույն դրսևորում է: «Նրա մարմնի բոլոր ճարպային պաշարները սպառվել են, մնացել են միայն ոսկորները», - նշել է բժիշկ Մաքիահ ալ-Ասլամին:
Քոբան, ինչպես և Եմենի բնակչության մեծամասնությունը, կանգնած է սովամահության վտանգի առաջ՝ երկրում տիրող պատերազմի և տնտեսական ճգնաժամի պատճառով: ՄԱԿ-ի տվյալներով՝ Եմենում սովամահության եզրին 10 մլն մարդ է գտնվում:
Բժշկի խոսքով՝ իրենք ամեն օր թերսնուցում ունեցող նոր հիվանդների են սպասում: 2018-ի վերջից արդեն 14 մահացության դեպք է գրանցվել միայն իրենց հիվանդանոցում:
Reuters-ի տվյալներով՝ Ֆաթիման հոր և 10 քույր-եղբայրների հետ ստիպված է եղել լքել Սաուդյան Արաբիայի հետ սահմանային շրջանում գտնվող իրենց տունը, ինչից հետո ստիպված են եղել ապրել ծառի տակ:










