Եմենում հակամարտող կողմերը համաձայնության են եկել զորքերի վերատեղակայման առաջին փուլի հարցում
Փետրվարի 16-17-ին տեղի ունեցած չորրորդ համատեղ խորհրդակցության արդյունքում Եմենի կառավարությունն ու «Անսար Ալլա» շարժման ապստամբ հուսիթները զգալի առաջընթաց են գրանցել ռազմական ուժերի վերատեղակայման հարցում: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայության հայտարարությանը հղումով:
«Երկարատև, սակայն կառուցողական քննարկումներից հետո, վերատեղակայման հարցերով համակարգող հանձնաժողովի նախագահի օժանդակությամբ կողմերը համաձայնության են եկել զորքերի փոխադարձ վերատեղակայման առաջին փուլի հարցում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կողմերը նաև որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերել վերատեղակայման երկրորդ փուլի վերաբերյալ: «Սպասվում է, որ համակարգող հանձնաժողովի հաջորդ խորհրդակցությունը կանցկացվի մեկ շաբաթվա ընթացքում, որպեսզի ավարտին հասցվի երկրորդ փուլի վերաբերյալ համաձայնագրի մշակումը», - հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում է կառավարական ուժերի և «Անսար Ալլա» շիական շարժման ապստամբ հուսիթների միջև դիմակայությունը։ Այն ակտիվ փուլի է անցել 2015 թվականի մարտին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներխուժումից հետո։










