«Գազպրոմն» արդեն առաջարկել է գազի գինը ՀՀ-ի համար դարձնել 200-205 դոլար. բանակցությունների սեղանին հենց այս գինն է դրված. Վահե Դավթյան (տեսանյութ)
Սեպտեմբերի սկզբին ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից արդեն իսկ առաջարկվել է գազի գինը Հայաստանի համար սահմանին 1000 խմ–ի համար հասցնել մինչև 200-205 դոլար (ներկայումս 165 դոլար է – Tert.am): Ներկայումս բանակցությունների սեղանին հենց այս գինն է դրված: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Գազի գնի բարձրացումը, որը, հավանաբար, կարող է տեղի ունենալ 2020-ի հունվարի 1-ին, իր հետևից կարող է բերել և ձևավորել սոցիալական դժգոհության մեծ ալիք: Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ներկայումս իշխանությունները խուսափում են գազի գնի թեմայով որևէ մեկնաբանություն կամ հայտարարություն անելուց»,- ասաց նա:
Չնայած նրան, որ մամուլում և փորձագիտական շրջանակներում առավելապես շրջանառվում է 30 տոկոսով գազի գինը բարձրացնելու լուրերը, Վահե Դավթյանի կանխատեսմամբ՝ բարձրացումը կլինի մոտ 20-22 տոկոսի սահմաններում: Ըստ նրա՝ ռուսական կողմից Հայաստանի համար գազի բարձրացման հարցն ունի և՛ տնտեսական, և՛ քաղաքական բաղադրիչ:
«Տնտեսական առումով պատկերը հետևյալն է. 2018.-ից նկատվում է բնական գազի գնի աճ, իսկ ՌԴ-ից արտահանվող գազի գինը միայն 2018-ի ընթացքում աճել է 22-25 տոկոսով՝ հասնելով 240 դոլարի: Ճիշտ է, 2019-ի առաջին կեսին այդ գինն էապես ընկավ, ինչը պայմանավորված էր Եվրոպայում տաք ձմռան հանգամանքով և եվրոպական գազի պահեստարաններում բավականին մեծ ծավալով գազ էր մնացել, ինչը բերել էր ռուսական գազի գնի անկման: «Գազպրոմն» իր տարեկան բյուջեի հիմքում դրել է մոտ 185 դոլար 1000 խմ-ի դիմաց սակագինը, ուստի ընկերությունը փորձում է միացնել որոշակի կոմպենսացիոն մեխանիզմներ՝ բարձրացնելով սակագինը ասիական շուկաներում և հետխորհրդային երկրներում»,- ասաց նա:
Վահե Դավթյանը նշեց, որ եթե գազի գինը 2020-ի հունվարին Հայաստանի համար բարձրանա, դա կլինի հայ-ռուսական հարաբերությունների մակարդակի գնահատման կարևոր ցուցիչ։
«Հայ-ռուսական հարաբերությունները վերջին մեկուկես տարվա ընթացքում շատ հեռու են իդեալական լինելուց, այն հայտարարվող ցուցանիշներից, դրույթներից, որոնք ավանդաբար շրջանառվում են վերջին շրջանում: Այդ հարաբերությունները պաշտոնական տիրույթում թեև դրական դինամիկան պահպանում են, սակայն ավելի խորքային հարցերում, առավելապես անվտանգային նշանակության հարցերում, մենք տեսնում ենք որոշակի ճեղքեր, անգամ որոշակի ճգնաժամային դրսևորումներ»,- նկատեց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահը:
Նա համոզված է, որ նախօրեին կայացած Փաշինյան-Պուտին հանդիպմանը քննարկվել է գազի սակագնի հարցը՝ չնայած նրան, որ պաշտոնական հայտարարություններում այդ մասին խոսք չկար:
Հիշեցնենք, որ 2019-ի հունվարի 1-ից գազի գինը Հայաստանի սահմանին բարձրացվեց 15 դոլարով՝ 1000 խմ համար դառնալով 165 դոլար, բայց բնակիչների համար այն չթանկացավ: Սրանից հետո բանակցություններ սկսվեցին կառավարության և «Գազպրոմի» միջև, որոնք ավարտվելու են տարեվերջին: Այս խնդրին լուծում դեռ չի տրվել, բայց գազի գնի հերթական բարձրացման մասին արդեն լուրեր են շրջանառվում։
Վահե Դավթյանի խոսքով՝ եթե ռուսական կողմը չբարձրացնի գազի գինը սահմանին, միևնույն է՝ երկրի ներսում բնակիչների համար լինելու է բարձրացում:
«Երկու սցենար կարող ենք առանձնացնել: Առաջին՝ ռուսական կողմը գնում է գազի գնի բարձրացման 2020-ի հունվարի 1-ին, ինչն ուղղակիորեն անդրադառնում է նաև երկրի ներսում գործող սակագների աճի վրա: «Գազպրոմ Արմենիան» բազմիցս հայտարարել է, որ ի վիճակի չէ զսպելու ներքին սակագների աճը: Երկրորդ սցենարը, որը ևս հավանական է, ռուսական կողմը որոշում է կայացնում, որ գազի գինը սահմանին մնում է 165 դոլար, բայց երկրի ներսում արձանագրվում է 5-7 տոկոս գնաճ: Երկու սցենարներն էլ վերջին հաշվով բավականին հոռետեսական են: Ստեղծվում է մի իրավիճակ, որ անգամ եթե ռուսական կողմը չբարձրացնի գազի գինը սահմանին, միևնույն է երկրի ներսում մենք ունենալու ենք բավականին բարդ իրավիճակ՝ կապված ներքին սակագնային կարգավորման հետ»,- ասաց նա:
Ռուսական գազը որոշ չափով իրանականով փոխարինելու հարցում, ըստ Վահե Դավթյանի, կան և՛ տնտեսական, և՛ աշխարհաքաղաքական խնդիրներ: Բացի այդ, նրա համոզմամբ՝ իրանական գազի կալորիականությունը շատ ավելի ցածր է:
«Ինչո՞ւ իրանական գազը չի սպառվում ՀՀ բնակիչների կողմից: Հայտարարություններ կան, բայց իրանական կողմը հանդես չի եկել հստակ կոմերցիոն առաջարկով: Գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով Իրանը 165 դոլարով է մեզ գազ տալիս, որը նույն ռուսական գազի գնին է: Իրանական կողմը շատ լավ հասկանում է, որ այն ծավալը, որը նրանք պետք է ավելի ցածր գնով մատակարարեն Հայաստանին ռուսական գազի հետ մրցունակ լինելու համար, նրանք կարող են շատ հանգիստ 220-230 դոլար գնով վաճառել Թուրքիային»,- նշեց Դավթյանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության սեպտեմբերի 20–ին արած հայտարարությանը, որ ՌԴ կառավարությունը դիտարկում է Հայաստանի երկաթուղու կառավարումը դադարեցնելու հնարավորությունը, Վահե Դավթյանն ասաց. «Հայաստանն այլևս չի կարող ինքնուրույն շահագործել երկաթուղին: «Հարավկովկասյան երկաթուղին» ձեռք էր բերել ամբողջ շարժակազմը: Եթե պատկերացնենք, որ պայմանագիրը վաղը խզվում է, ապա ստեղծվում է մի իրավիճակ, որում հայկական երկաթուղին հայտնվում է պարալիզացված վիճակում, քանի որ այլևս մենք ունենալու ենք երկաթուղի՝ առանց շարժակազմի»:










