Արցախը ներքաշվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մեջ, ինչը լեգիտիմ իրավունք է վերապահում մեզ գործողությունները տեղափոխելու Ադրբեջանի ողջ տարածք. Պողոսյան

22:48 • 04.10.20

Արցախն այս օրերին, առանց չափազանցության, ներքաշվել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի մեջ: Այս պնդումը անելու համար կան լուրջ հիմնավորումներ, որոնք ամենևին չեն սահմանափակվում փորձագիտական մակարդակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Նախ՝ պատերազմ հայտարարելով Արցախին՝ Ադրբեջանը փաստացի հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների (որոնք աշխարհի տարբեր ուժային բևեռներն են ներկայացնում) հովանու ներքո ընթացող խաղաղ բանակցությունների միջոցով հիմնախնդիրը կարգավորելու ճանապարհից և ընտրեց հարցը ուժային կամ ռազմական տարբերակով լուծելու ծայրահեղ մոտեցումը:

Երկրորդ՝ Ադրբեջանը պատերազմը սկսելու առաջին օրվանից թիրախավորել է Արցախի խաղաղ բնակավայրերը՝ կիրառելով այնպիսի զինատեսակներ, որոնց օգտագործումն արգելված է միջազգային տարբեր կոնվենցիաներով:

Վերջապես՝ Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմում այդ երկրի իշխանությունները ներգրավել են վարձկան-ահաբեկիչների, որոնց գոյության փաստը հիմնավորվել է միջազգային տարբեր կենտրոնների կողմից:

Սա նշանակում է, որ ստեղծված իրավիճակը լեգիտիմ իրավունք է վերապահում մեզ հետագա գործողությունները տեղափոխելու Ադրբեջանի ողջ տարածք՝ ահաբեկչական խմբավորումներից այն մաքրելու համար:

Մեր պայքարն արդար է, առաջիկա զարգացումները, վստահաբար, կլինեն մեր օգտին: Իսկ հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական պարտված ղեկավարությունը՝ Ալիև ընտանիքի գլխավորությամբ:»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3145 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 209 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։