Հայաստանում և Արցախում ապրող արվեստագետները պետք է դառնան զինվորներ ու պաշտպանեն իրենց ընտանիքները. իտալացի դիրիժորն ուշադրություն է հրավիրել թուրք-ադրբեջանական ագրեսիայի վրա

23:30 • 04.10.20

Իտալացի հանրահայտ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ իր հետևորդներին ներկայացնելով, թե ինչ է կատարվում Արցախում:

«Հարգելի ընկերներ,

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի ռազմական և քաղաքական ղեկավարությամբ, պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ: Ոչ միայն շփման գծի, այլև Արցախի և Հայաստանի գյուղերի և քաղաքների ուղղությամբ հասցվող հարվածների հետևանքով արդեն հայրուրավոր զոհեր կան ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանում:

Մարդկությունը մշակույթն ու արվեստը դիտարկում է որպես քաղաքակրթության և մարդկային հարաբերությունների զարգացման ամենակառուցողական ուժը: Արվեստը տարածվում է ֆիզիկական և մտավոր սահմաններից այն կողմ և միավորում մեզ բոլորիս: Հայաստանում և Արցախում բնակվող արվեստագետները, ովքեր ճանապարհ են հարթում մեր համայնքների բուժման համար, այժմ պետք է դառնան զինվորներ՝ պաշտպանելու իրենց ընտանիքներն ու հարևաններին: Անթիվ ընտանիքներ պատերազմի պատճառով կորցնելով իրենց հայրերին ու որդիներին՝ այժմ անհույս վիճակում են, իսկ տներն ավերվում են ամեն օր տեղի ունեցող հրետակոծության և ավիահարվածների հետևանքով:   

Մենք ունենք ձեր կարիքը՝ բարձրացնելու իրազեկությունն այս հարցի շուրջ: Օգնեք մեզ՝ վառ պահելու լավ ապագայի հույսը մեր ներկա և ապագա սերունդների համար, ապագան լի է լինելու խաղաղությամբ և արվեստով», - գրել է իտալացին:  

Գրառմանը կից նա հրապարակել է արցախցի երեխաների լուսանկարներ՝ «Հայաստանն՝ ընդդեմ ահաբեկչության» հեշթեգով: