Թուրքական ԱԹՍ-ները և օդուժը չեն կարողացել աշխատել, ուստի Ադրբեջանի զոհերի թիվը շատ ավելի մեծ է․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Այս պահին Արցախում մարտերը շարունակվում են հարավային և հյուսիսային ուղղություններով: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այսօր մարտերը չեն ունեցել նույն ծանր բնույթը, ինչ նախորդ երկու օրերին, բայց հակառակորդը ձեռնարկել է հարձակողական գործողություններ, իսկ մեր զինված ուժերը հետ են մղել գործողություները՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ:
«Այսպիսով հակառակորդի միայն այսօրվա անձնակազմի կորուստը կազմում է 400 զինծառյող, 700 վիրավոր, խոցվել է 13 զրահատեխնիկա, երեք ինքնաթիռ և 1 ԱԹՍ»,-ասաց նա և հավելեց, որ թուրքական ԱԹՍ-ները և օդուժը չեն կարողացել աշխատել, ուստի Ադրբեջանի զոհերի թիվը շատ ավելի մեծ է:
Արծրուն Հովհաննիսյանը նկատեց, որ երեկ և այսօր մարտական գործողություններ աչքի են ընկել Ադրբեջանի ռազմաքաղաքկան ամենաբարձր ղեկավարության կողմից ապատեղեկատվության տարածմամբ: «Մենք տեսանք, թե ինչպես երեկ իրենք իրենց շնորհավորում էին Մատաղիսի գրավման կապակցությամբ, իսկ այսօր հրապարակեցինք այն տեսանյութը, որը հստակ ապացուցում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մատաղիսի մերձակայքից ուղղակի փախչում հայկական զինված ուժերի հուժկու հրետանային կրակի տակ»,-ասաց նա և նկատեց, որ այսօր ևս նույն ապատեղեկատվությունը տարածվել է իբրև թե Ջաբրայիլի գրավման մասին:
«Եթե Ալիևը վստահ է, որ գրավել է Մատաղիսը, ապա ինչո՞ւ չի այցելում: Մենք բոլոր հիմնավոր կասկածներն ունենք ենթադրելու, որ Ալիևը գտնվում է սեփական երկրում ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում»,-ասաց նա:











