Մենք մեր հայրենակիցների կարիքն ունենք, ունենք մեկ դաշնակից և դա Սփյուռքն է. Զարեհ Սինանյանը կոչ է արել շարունակել ֆինանսական օգնության տրամադրումը
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այսօր տեսակապի միջոցով դիմեց սփյուռքի հայրենակիցներին և պատասխանեց նրանց հարցերին:
Իր խոսքում նա նշեց, որ ՀՀ սահմանները և Արցախը հարձակման տակ են թուրք-ադրբեջանական զինված ուժերի և իսլամական տարբեր հանցագործ խմբավորումների կողմից, որոնք Թուրքիան բերել է Սիրիայից և օգտագործում է մեր դեմ:
Նա ընդգծեց, որ այսօր դրվել է հայ ազգի լինելու կամ չլինելու հարցը, և վտանգված է ոչ միայն Արցախը, այլ ամբողջ Հայաստանը:
«Թուրքիան իր խամաճիկ և պետականության որևէ նշույլ չունեցող Ադրբեջանի հետ միասին մեր դեմ են նետել իրենց զինված ուժերը, տասնյակ միլիարդավոր զենքն ու զինամթերքը տարբեր ահաբեկչական խմբավորումներ Սիրիայից, այն հույսով, որ կարողանալու են մեզ ջարդել, մտնել մեր քաղաքները և գյուղերը, սպանդի ենթարկել: Սակայն արդեն 8-րդ օրը վերջանում է, սակայն հերոսական զինված ուժերը, կամավորները դիմադրում են, պահում են սահմանները և ծանր հարվածներ հասցնում մարդասպաններին, որոնք կրկին բռնել են ցեղասպանության ուղին»,- ընդգեց նա:
Զարեհ Սինանյանը նշեց, որ Հայաստանը և Արցախը օգնության կարիք ունեն, քանի որ ավերվածությունները շատ են Արցախում և Հայաստանի Գեղարքունիք մարզում:
«Համոզված եմ՝ ականատես եք եղել, թե ինչպես են 300 մմ տարամաչափ ունեցող «Սմերչով», հրթիռներով, կասետային ռումբերով գազանաբար ռմբակոծվում Ստեփանակերտն ու Շուշին, սակայն հակառակորդը չի կարողանում առաջ գնալ: Մենք մեր հայրենակիցների կարիքն ունենք, մենք ունենք մեկ դաշնակից և դա մեր սփյուռքն է։ Կոչ եմ անում շարունակել ֆինանսական օգնություն տրամադրելը, ձեր նվիրաբերությունները շարունակել իրականացնել «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի միջոցով»,- նշեց նա:
Զարեհ Սինանյանը, դիմելով սփյուռքի մեր հայրենակիցներին, կոչ արեց ազդել հասարակական կարծիքի վրա, համաշխարհային հանրությանը ներկայացնել Արցախում և Հայաստանում ներկա իրավիճակը:
Սփյուռքի հանձնակատարը կարևոր համարեց, որ Սփյուռքի ներկայացուցիչներն իրենց քաղաքներում, եթե թույլատրվում է, իրականացնեն ցույցեր՝ թուրքական և ադրբեջանական դեսպանատների և հյուպատոսարանների մոտ:










