Թուրքմենստանի նախագահը Մարտի 8-ի կապակցությամբ կանանց շուրջ 20-ական դոլար կբաժանի

13:48 • 26.02.25

Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ Թուրքմենստանի իշխանությունները 60-ական մանաթի (17 դոլար) չափով դրամական նվերներ կհանձնեն կանանց։ Այս մասին հայտնի է դարձել կառավարության նիստում։

Ինչպես հաղորդում է azattyk.org-ը, 2025 թվականի մարտի 1-6-ը կտրամադրվեն դրամական նվերներ։ Դրանք կստանան պետական ​​և մասնավոր հաստատություններում աշխատող կանայք, թոշակառուները, սոցիալական նպաստ ստացողները, ինչպես նաև կրթական բոլոր մակարդակների ուսանողները՝ մանկապարտեզի սաներից մինչև դոկտորանտներ:

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ վճարումների մասին որոշումը կայացվել է «ի արժևորում երկրի զարգացման և բարգավաճման գործում կանանց ունեցած ներդրումի, ինչպես նաև շարունակելով «մայրերին և քույրերին մեծարելու ազգային ավանդույթները»։