5 արդյունավետ բնական միջոց անքնության դեմ պայքարի համար
Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա՝ հանգեցնելով թուլության, հոգնածության, ուժերի անկման և ինքնազգացողության սաստիկ վատթարացման։ Ժամանակին միջոցներ չձեռնարկելու դեպքում քնի նման խանգարումը կարող է բավական վտանգավոր հետևանքներ ունենալ, սակայն խնդիրն այն է, որ դրա դեպքում կիրառվող քնաբեր ազդեցությամբ օժտված դեղամիջոցները ոչ պակաս վնասակար են և առաջացնում են բավական լուրջ կողմնակի բարդություններ։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս բնական միջոցներով պայքարել անքնության դեմ, ինչը թույլ կտա խուսափել կողմնակի տհաճ բարդություններից։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ արդյունավետ բնական միջոց քունը կարգավորելու և անքնությունից ազատվելու համար։
Մելատոնինով սննդային հավելումներ
Մելատոնինը քնի հորմոնն է, որն արտադրվում է մարդու օրգանիզմում, սակայն այն կարելի է ընդունել նաև որպես հավելում դեղահաբերի կամ հեղուկների տեսքով։ Նման հավելումները վաճառվում են ինչպես դեղատներում, այնպես էլ առողջ սննդի խանութներում։ Մելատոնինի արտադրության բնական խթանումն իհարկե շատ ավելի նախընտրելի է, սակայն նման հնարավորության բացակայության դեպքում կարելի է որոշ ժամանակ նաև հավելումներ ընդունել։
Կատվախոտ
Կատվախոտն ամենատարածված ու արդյունավետ հանգստացնող միջոցներից է, որը մարդիկ կիրառում են դարեր շարունակ։ Եթե նախորդ մեթոդն անարդյունավետ է լինում, ապա կարելի է փորձել կարգավորել քունը կատվախոտի արմատի միջոցով։ Գոյություն ունեն մի շարք հետազոտություններ, որոնք ապացուցել են կատվախոտի արդյունավետությունն անքնության դեմ պայքարում։ Սակայն հարկ է հիշել, որ այս միջոցի կիրառումից առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ։
Նարդոս
Դեռևս 2016 թվականին հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ քնելուց առաջ նարդոսի բույրով սպեղանու գործածության դեպքում ուսանողների գիշերային հանգստի որակն ու օրվա ընթացքում էներգիայի մակարդակը շատ ավելի բարձր են լինում, ինչից կարելի է ենթադրել, որ նարդոսն օժտված է հանգստացնող ու քունը կարգավորող հատկություններով։
Երիցուկով թեյ
Երիցուկի թեյը հայտնի է որպես բնական քնաբեր միջոց, ուստի դարեր շարունակ կիրառվել է քնի խանգարումների բուժման համար։ Այս բույսի բուժիչ հատկություններն ապացուցվել են նաև տարատեսակ հետազոտությունների արդյունքում, ուստի քնելուց առաջ մի բաժակ երիցուկով թեյ խմելը կարող է հիանալի միջոց լինել անքնության դեմ պայքարում։
Մեդիտացիաներ
Գիտական հետազոտությունները բազմիցս ապացուցել են, որ մեդիտացիաներն օգնում են թուլացնել օրգանիզմն ու հեշտությամբ քուն մտնել։ Առավել լավ արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում քնելուց 30-60 րոպե առաջ անջատել էլեկտրոնային սարքերն ու կենտրոնանալ որևէ հանգիստ երաժշտության կամ սեփական խորը շնչառության ձայնի վրա։
Նյութի աղբյուրը՝ time.com
Օրվա կարեվոր
- 23:14 • 18.11.24Վերջին 20 տարում կարմրուկի դեպքերն աճել են 20%-ով







