Ծխելnւ և այլ վնասակար սովորությունների ազդեցությունն օրգանիզմի վրա․ հարցազրույց` բժիշկ Լամարա Մանուկյանի հետ

17:29 • 04.12.25

-Ձեր երկարամյա փորձի ընթացքում որո՞նք են ամենից շատ հանդիպող վնասակար սովորությունները, որոնք ազդում են պացիենտների առողջության վրա։ Ի՞նչ հետևանքներ են դրանք ունենում։

Իմ փորձում ամենատարածված վնասակար սովորությունները, որոնք զգալիորեն ազդում են պացիենտների առողջության վրա, հետևյալներն են՝ ծխելը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սննդակարգը, ֆիզիկական ակտիվության պակասը, քնի խանգարումներն և անբավարար քունը, քրոնիկ սթրեսը, թմրամիջոցների օգտագործումը։ Օրինակ քրոնիկ սթրեսը կարող է հանգեցնել զարկերակային ճնշման տատանումների, սրտային հիվանդությունների, առիթմիաների, քնի խանգարումների, հորմոնալ անհավասարակշռության։ Բոլոր վնասակար սովորությունները ունեն իրենց վատ հետևանքները մարդու առողջության վրա։

- Ինչպիսի՞ն է եղել ծխելու ազդեցությունը պացիենտների առողջական վիճակի վրա, և որո՞նք են ամենահաճախ հանդիպող բարդությունները։

Ծխելը համարվում է հիվանդացության և մահացության գլխավոր կանխարգելելի պատճառներից մեկը։ Այն լուրջ վնաս է հասցնում շնչառական, սրտանոթային և իմունային համակարգերին։ Ծխախոտը զգալիորեն բարձրացնում է թոքերի, կոկորդի և բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման ռիսկը՝ առաջացնելով նաև թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն և շնչառական ալերգիկ վիճակների սրացում։ Շատ պացիենտների մոտ այն դառնում է սրտի իշեմիկ հիվանդությունների, ինֆարկտի ու ինսուլտի հիմնական գործոններից մեկը։ Բացի դրանից՝ նպաստում է զարկերակային ճնշման բարձրացմանը, արագացնում է օրգանիզմի ծերացումը և ժամանակի ընթացքում թուլացնում իմունային համակարգը՝ օրգանիզմը դարձնելով ավելի խոցելի տարբեր հիվանդությունների նկատմամբ։

-Ի՞նչ մոտեցումներով կարելի է նվազեցնել պացիենտների մոտ ծխելով պայմանավորված առողջական ռիսկերը։

Պացիենտների մոտ ծխելով պայմանավորված առողջական ռիսկերը նվազեցնելու համար կիրառվում է համալիր, բազմաժանր մոտեցում։ Նախ և առաջ կարևոր է բժշկական խորհրդատվությունը, որի ընթացքում բժիշկը բացատրում է հնարավոր վտանգները, գնահատում է կախվածության աստիճանը և առաջարկում անհատական դադարեցման ծրագիր։ Էական դեր ունի վարքային թերապիան, որը ներառում է սթրեսի արդյունավետ կառավարում, սովորությունների վերափոխում և ծխելու հետ կապված «տրիգերների» ճանաչում ու նվազեցում։

Էական է նաև առողջ ապրելակերպի խրախուսումը․ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող է նվազեցնել ծխելու ցանկությունը։

Կարևոր նշանակություն ունի սոցիալական աջակցությունը՝ ընտանիքի և շրջապատի մասնակցությունը, որը բարձրացնում է հաջողության հնարավորությունը։

Որոշ դեպքերում կարելի է անցում կատարել այլընտրանքների՝ էլեկտրոնային սիգարետների, տաքացվող ծխախոտների կամ նիկոտինային պաուչերների։ Այս տարբերակները տարբեր միջազգային հեղինակավոր կառույցներ համարում են համեմատաբար նվազ վնասակար, սակայն ոչ անվնաս, քանի որ չեն այրվում և արտազատում են զգալիորեն ավելի քիչ վնասակար և կանցերոգեն նյութեր։ Հետազոտությունների տվյալներով՝ դրանցում քիմիական վնասակար նյութերի մակարդակը 60–90%–ով ցածր է ավանդական ծխախոտի համեմատ։ Շատ պացիենտների մոտ դրանք օգնում են նվազեցնել կամ ամբողջությամբ դադարեցնել ավանդական ծխախոտի օգտագործումը՝ ապահովելով նիկոտինի կայուն դոզա օրգանիզմի համար, միևնույն ժամանակ օրգանիզմը ենթարկելով ավելի քիչ վնասակար նյութերի։