Ամենապարզ ու արդյունավետ բնական միջոցները գլխացավն առանց դեղամիջոցների մեղմելու համար

14:54 • 07.05.21

Գլխացավն ամենատարածված խնդիրներից է, որը կարող է պայմանավորված լինել սթրեսով, հոգնածությամբ, առողջական որոշակի խնդիրներով և մի շարք այլ պատճառներով։ Նման տհաճ զգացողությունները կարող են խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են հնաարվորինս շուտ ազատվել ցավից։ 

Գլխացավերը մեղմելու համար մարդիկ սովորաբար ցավազրկող դեղամիջոցներ են ընդունում, սակայն լինում են դեպքեր, երբ ցավը կտրուկ է ի հայտ գալիս, իսկ ցավազրկող միջոց ձեռքի տակ չի լինում։ Բացի այդ, շատերը պարզապես խուսափում են ցավազրկողներից, քանի որ դրանք բավական լուրջ կողմնակի բարդություններ են առաջացնում, իսկ հաճախակի գործածության դեպքում կարող են դադարել օգնել։ Նման դեպքերում օգնության են հասնում փորձված հնարքները, որոնք օգնում են շատ արագ մեղմել ցավն ու կանխել խնդրի կրկնությունը։ Ճիշտ միջոցների կիրառման դեպքում գլխացավից հեշտությամբ կարելի է ազատվել անգամ առանց դեղորայքի, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ միջոցներից մի քանիսը։

Արոմաթերապիա

Գոյություն ունեն բույսեր ու դրանցից ստացված յուղեր, որոնք դարեր շարունակ կիրառվել են տարատեսակ հիվանդությունների, այդ թվում նաև գլխացավերի ու միգրենի բուժման համար։Առավել արդյունավետ են նարդոսն ու անանուխը, որոնք օգնում են ազատվել սթրեսից ու լարվածությունից, հանգստացնում են և օգնում են արագ քուն մտնել։ Այս բույսերի եթերայուղով սրվակը միշտ ձեռքի տակ պահելը կարող է շատ արդյունավետ լինել, քանի որ պարզապես մի քանի վայրկյան դրանց բույրը շնչելը կարող է բավական լինել գլխացավը մեղմելու համար։ Շատ արդյունավետ կարող է լինել նաև անանուխով թեյը, ուստի եթերայուղերի բացակայության դեպքում կարելի է պարզապես անանուխով թեյ խմել։

Սառը կոմպրես

Եթե գլխացավի պատճառը գերլարվածությունն է, ալերգիաները, սպազմները կամ մրսածությունը, ապա այն մեղմելու համար կարելի է սառը կոմպրեսներ կիրառել։ Պարզապես հարկավոր սառույցի կտորները փաթաթել անձեռոցիկի կամ սրբիչի մեջ ու դնել ճակատին ու քունքերին։ Ավելին՝ արդյունավետ կլինի անգամ սառը ջրով թրջված կտորի գործածությունը։ Սակայն հարկ է հիշել, որ սառույցն առանց որևէ կտորի օգտագործելը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Սառույցը կարող է դառնալ անոթների սպազմի պատճառ՝ էլ ավելի սաստկացնելով ցավը։

Ջերմակ ու տաք կոմպրես

Պարանոցային օստեոխոնդրոզով պայմանավորված արյան շրջանառության խանգարման դեպքում հարկավոր է կիրառել տաք կոմպրեսներ։ Նման խնդրով պայմանավորված գլխացավը մեղմելու լավագույն միջոցը տաք ցնցուղի, տաք թրջոցների ու ջերմակների գործածությունն է։

Մաքուր օդ

Շատ հաճախ գլխացավի պատճառ է դառնում երկար ժամանակ որևէ փակ տարածքում գտնվելը, ինչը հանեցնում է թթվածնի պակասի։ Նման դեպքերում գլխացավից խուսափելու համար հարկավոր է կանոնավոր օդափոխել տարածքը, իսկ ընդմիջումներին 10 րոպե զբոսնել մաքուր օդին։ Բացի այդ, հարիավոր է խուսափել նաև այնպիսի վնասակար սովորություններից, ինչպիսին են ծխախոտի ու ալկոհոլի գործածությունը, քանի որ դրանք համարվում են հանգիստ կյանքի ու լավ ինքնազգացողության հիմնական «թշնամիները»։

Որակյալ քուն

Առողջ ու որակյալ քունը շատ կարևոր է գլխացավերի կանխարգելման համար, ուստի գլխացավերի դեպքում հարկավոր է անպայման կարգավորել քունը։ Ընդ որում՝ հարկավոր է քնել լավ օդափոխվող ու բացարձակապես մութ սենյակում։ Մասնագետների խոսքով՝ սենյակի օդը պետք է լինի սառը և խոնավ, այլապես մեծ է գլխացավերի զարգացման հավանականությունը։

Մերսում

Գլխացավը մեղմելու շատ արդյունավետ միջոց կարող է լինել նաև կետային մերսումը։ Առհասարակ մարմնի տարբեր հատվածների կետային մերսումը կարող է շատ արդյունավետ լինել տհաճ զգացողություններից ազատվելու համար։ Օրինակ՝ գլխացավը մեղմելու համար հարկավոր է ճնշում գործադրել հոնքերի միջև գտնվող կետին ու մի փոքր մերսել այն։

Հրաժարվել գաջեթներից

Գլխացավի պատճառ կարող է դառնալ նաև Էկրանների լույսը, ուստի նման խնդրից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին խուսափել անորակ էկրաններից, ինչպես նաև յուրաքանչյուր ժամը մեկ 5-10 րոպե տևողությամբ ընդմիջումներ անել՝ կտրվելով համակարգիչներից ու աշխատանքից։

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում գլխացավը կարող է պայմանավորված լինել առողջական խնդիրներով, ուստի եթե գլխացավը պահպանվում է մի քանի շաբաթ շարունակ, ապա մինչ դրա դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Բացի այդ, հարկ է հիշել, որ նման բնական միջոցներն ունենում են որոշակի հակացուցումներ և ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել գլխացավերի առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: 

Նյութի աղբյուրը՝ MedikForum.ru