7 բնական միջոց գաստրիտով պայմանավորված ցավն ու տհաճ զգացողությունները մեղմելու համար
Գաստրիտը ներկայում շատ տարածված հիվանդություն է, որի զարգացման հիմնական պատճառներն են սխալ սննդակարգն ու անորակ սննդի գործունեությունը երկար ժամանակ։ Բացի այդ, գաստրիտի զարգացմանն են նպաստում նաև ալկոհոլի, նիկոտինի ու դեղորայքի գործածությունը, ինչի պատճառով էլ այս հիվանդությունն այսքան տարածված է։ Հիվանդությունը բնորոշվում է ստամոքսի արտազատիչ ու շարժողական գործառույթների խանգարմամբ և դրսևորվում ախորժակի վատթարացմամբ, գխտոցով, ստամոքսի այրոցով ու ծանրության զգացմամբ, ինչպես նաև ստոծանու հատվածի ցավով։
Այս խանգարման բուժման ու կանխարգելման հիմնական միջոցը սննդակարգի կարգավորումն է, սակայն գաստրիտի սրման դեպքում նման միջոցների ձեռնարկումը կարող է բավարար չլինել տհաճ զգացողություններից ազատվելու համար։ Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս ընդունել բուսական թուրմեր, որոնք շատ արդյունավետ են ու չեն առաջացնում կողմնակի բարդություններ։
Аif.ru կայքը ներկայացրել է ամենաարդյունավետ ժողովրդական դեղամիջոցները, որոնք կօգնեն պայքարել գաստրիտի դեմ, կմեղմեն ցավոտ զգացողություններն ու կկանխեն հիվանդության սրացումները։
Դեղամիջոցներ գաստրիտով պայմանավորված ցավը մեղմելու համար
- Հալվե վերայի ստորին հաստ շերտերը մանր կտրատել, ավելացնել նույն քանակությամբ մեղր ու լավ խառնել, այնուհետև ընդունել օրական 3 անգամ սնվելուց 15 րոպե առաջ մեկական թեյի գդալ։ Բուժման կուրսը տևում է 10 օր։
- 5 գրամ անիսոնի պտուղներին ավելացնել մի բաժակ ջուր և երկու ժամ թրմել թերմոսի մեջ։ Ստացված թուրմն ընդունել օրական 3-4 անգամ 1/4 բաժակ ստամոքսի սպազմները մեղմելու համար։
- Խառնել մեկական ճաշի գդալ մատուտակի (քաղցրարմատ) մանրացրած արմատները, երիցուկի տերևները, տուղտի արմատներն ու սեզի արմատները, այնուհետև 2 թեյի գդալ խառնուրդին ավելացնել մի բաժակ եռման ջուր, ծածկել տարան տաք կտորով ու թրմել 30-40 րոպե։ Ստացված խառնուրդը քամել և ընդունել օրական մի բաժակ քնելուց առաջ։
- Քամել առյուծագիի թարմ հյութն ու ընդունել օրական երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ մեկական ճաշի գդալ։ Այս հյութը խմելուց հետո հարկավոր է մի քանի կում մաքուր ջուր խմել։ Այս բնական միջոցը կօգնի մեղմել ստամոքսի ու աղիների սպազմները։
- Խառնել հավասար քանակությամբ դեղատնային երիցուկի ծաղիկները, խոցված սրոհունդի խոտը, անանուխի տերևներն ու հազարատերևուկի խոտը, այնուհետև ստացված խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր և 8-9 ժամ թրմել թերմոսի մեջ։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ ⅓ բաժակ։
Դեղամիջոցներ հիվանդության սրացումներից խուսափելու համար
- 1 ճաշի գդալ մեղրը լուծել 1 բաժակ կարտոֆիլի հյութի մեջ, այնուհետև ստացված խառնուրդն ընդունել օրական 3 անգամ սնվելուց կես ժամ առաջ 1/3 բաժակ։ Բուժման կուրսը տևում է 10 օր, որից հետո հարկավոր է 10 օր տևողությամբ դադար անել և կրկնել կուրսը։
- Լվացած ու կեղևազրկած ստեպղինը քերիչով մանրացնել, քամել հյութն ու ընդունել օրական 1 անգամ կես բաժակ։ Այն օգնում է նվազեցնել ստամոքսի թթվայնությունն ու կանխել հիվանդության տհաճ ախտանշանների զարգացումը։
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:
Օրվա կարեվոր
- 23:14 • 18.11.24Վերջին 20 տարում կարմրուկի դեպքերն աճել են 20%-ով







