6 պարզ ու արդյունավետ միջոց քրտնարտադրությունը նվազեցնելու և տհաճ հոտից ազատվելու համար

17:59 • 10.06.21

Քրտինքի տհաճ հոտը կարող է բավական լուրջ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար՝ առաջացնելով տհաճ զգացողություններ ու դառնալով բարդույթների զարգացման պատճառ։ Այս խնդիրն առավել արդիական է դառնում ամռանը, քանի որ շոգ եղանակին ջերմակարգավորման համար մարդու քրտնարտադրությունն արագանում է։ Նման տհաճ խնդիրը կարող է պայմանավորված լինել ինչպես սխալ հագուստի ընտրությամբ կամ որոշակի սննդամթերքի գործածությամբ, այնպես էլ մի շարք առողջական խնդիրներով, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Առողջական որոշակի խնդիրներով պայմանավորված լինելու դեպքում քրտինքի տհաճ հոտից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին ազատվել դրա պատճառ հանդիսացող խնդրից, սակայն եթե այն կապված չէ այս կամ այն խանգարման հետ, ապա կարելի է որոշ պարզ ու հասանելի միջոցներ ձեռնարկել, ինչը կօգնի հեշտությամբ ազատվել տհաճ հոտից։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ միջոցներից մի քանիսը։

Մազահեռացում

Առատ քրտնարտադրության դեպքում քրտինքի տհաճ հոտից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին ազատվել թեևատակերի ավելորդ մազերից, որոնք էլ ավելի են վատթարացնում վիճակը։ Մազահեռացումը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել քրտնարտադրությունը, ինչի շնորհիվ էլ հնարավոր է լինում ազատվել տհաճ հոտից։

Հակաքրտինքային միջոցի գործածությունը

Քրտինքի տհաճ հոտից ազատվելու համար շատերը հոտազերծիչներ (дезодорант) են կիրառում, մինչդեռ շատ ավելի արդյունավետ կարող են լինել հատուկ հակաքրտինքային միջոցները (антиперспирант)։ Դրանք պարունակում են ալյումինի հիմքով նյութեր, որոնք խցանում են մաշկի ծակոտիներն ու կանխում քրտինքի արտազատումը։ Ավելին՝ մասնագետներն անգամ խորհուրդ են տալիս հակաքրտինքային միջոցներն օգտագործել քնելուց առաջ, ինչը կօգնի կանխել առավոտյան քրտինքի արտազատումը։

«Ընդմիջում» ցնցուղ ընդունելու և հագուստը հագնելու միջև

Ցնցուղ ընդունելուց հետո անմիջապես հագուստը հագնելու սովորությունը նույնպես կարող է դառնալ առատ քրտնարտադրության պատճառ, ինչն էլ կուղեկցվի տհաճ հոտով, ուստի նման խնդրից խուսափելու համար հարկավոր է լոգանք ընդունելուց հետո մի քանի րոպե սպասել և միայն մաշկն ամբողջությամբ չորացնելուց ու մարմնի ջերմաստիճանը կարգավորելուց հետո հագնվել։ Սա կօգնի կանխել թևատակերի հատվածում առատ քրտնարտադրությունն ու այդ կերպ կազատի տհաճ հոտից։

Ճիշտ հիգիենա մարզումներից հետո

Առատ քրտնարտադրությունը կարող է նպաստել մաշկային տարատեսակ հիվանդությունների, այդ թվում նաև մաշկաբորբի (դերմատիտ) զարգացմանը, ուստի նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հետևել հիգիենային ու թեևատակերը հնարավորինս մաքուր պահել։ Սա հատկապես կարևոր է կանոնավոր մարզվելու դեպքում, քանի որ ֆիզիկական ակտիվությունը խթանում է քրտնարտադրությունը։ Սա է պատճառը, որ մարզումներից հետո հարկավոր է անպայման լվանալ մաշկը, լավ չորացնել ու խոնավացնող քսուք քսել գրգռումների հավանականությունը նվազեցնելու համար։

Կերակրի սոդայի գործածության բացառում

Կերակրի սոդան հաճախ է կիրառվում որպես առատ քրտնարտադրության դեմ պայքարի արդյունավետ միջոց, քանի որ մարդիկ վստահ են, որ դրանով թևատակերը մշակելը հիանալի միջոց է քրտինքի տհաճ հոտի դեմ պայքարի համար, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ այս մեթոդը կարող է բավական վտանգավոր լինել։ Բանն այն է, որ սոդան գրգռում է մաշկն ու քայքայում է մաշկի բնական պաշտպանիչ շերտը, ինչը շատ լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ։

Օգտագործվող սուրճի քանակության նվազեցում 

Կոֆեինը խթանում է քրտնարտադրությունն ու ակտիվացնում է նյարդային համակարգը, ինչը բարձրացնում է զարկերակային ճնշումը, արագացնում է սրտի աշխատանքն ու ծանրաբեռնում է քրտնագեղձերը, ինչն էլ կարող է դառնալ առատ քրտնարտադրության ու դրա հետևանքով տհաճ հոտի առաջացման պատճառ։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս նվազեցնել սուրճի ու կոֆեին պարունակող սննդամթերքի այլ տեսակների գործածությունը։

Նյութի աղբյուրը՝ The Health Site