Ջերմային հարված և ջերմային հյուծում․ որոնք են այս վտանգավոր խնդիրների դրսևորումներն ու տարբերությունները

18:07 • 16.06.21

Տարվա շոգ եղանակներին օդի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ աճում է նաև այդ խնդրի հետևանքով ինքնազգացողության կտրուկ վատթարացման դեպքերի թիվը, ինչը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ ու հանգեցնել լուրջ խնդիրների զարգացման։ Եղանակային նման պայմաններում առավել հաճախ հանդիպող խնդիրներն են ջերմային հարվածն ու ջերմային հյուծումը, որոնք մարդիկ հաճախ են շփոթում։ Այնուամենայնիվ այս խնդիրներն էապես տարբերվում են, ուստի ճիշտ միջոցների կիրառման համար հարկավոր է սովորել տարբերել դրանց դրսևորումները։ 

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության (NHS) մասնագետները հեղինակավոր Express Health պարբերականի հետ զրույցում ներկայացրել են այս ախտաբանությունների առանձնահատկություններն ու հիմնական ախտանշանները, որոնք թույլ կտան տարբերել դրանք միմյանցից։

Մասնագետների խոսքով՝ ամռանն օդի բարձր ջերմաստիճանն ու խոնավությունը ֆիզիկական ակտիվության հետ համադրվելու դեպքում հաճախ են հանգեցնում ջերմային հարվածի կամ ջերմային հյուծման, մինչդեռ մարդիկ հազվադեպ են տարբերում դրանք միմյանցից, ինչն էլ թույլ չի տալիս անհրաժեշտ միջոցները ձեռնարկել։

Ջերմային հյուծման դեպքում սովորաբար նկատվում են այնպիսի տհաճ ախտանշաններ, ինչպիսին են գլխացավերը, գլխապտույտն ու մտքերի խառնաշփոթը, ախորժակի կորուստը, սրտխառնոցը, գունատ ու կպչուն մաշկը, չափազանց առատ քրտնարտադրությունը, անոթազարկի ու շնչառության արագացումը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումն ու սաստիկ ծարավի զգացումը։

Ինչպես ընդգծում են բժիշկները, այս խնդրի պատճառ հանդիսացող գերտաքացումից ազատվելը բավական հեշտ է և այն կյանքի համար լուրջ խնդիր չի հանդիսանում։ Նման դեպքերում պարզապես հարկավոր է օրգանիզմին հովանալու ու հանգստանալու ժամանակ տալ, ուստի անհրաժեշտ է որևէ հով տեղում հարմար դիրքով պառկել, ոտքերը մի փոքր բարձրացնել ու մանր կումերով սառը ջուր խմել՝ միաժամանակ փորձելով հովացնել մաշկը։ Նման դեպքերում հարկավոր է անհապաղ դադարեցնել ֆիզիկական ցանկացած ակտիվություն ու հանգստանալ մինչև լավ ինքնազգացողության վերականգնումը։

Վերոնշյալ միջոցների ձեռնարկումը կօգնի մոտ 30 րոպեում ազատվել գերտաքացման ախտանշաններից ու վերականգել լավ ինքնազգացողությունը։ Եթե անգամ կես ժամ անց տհաճ զգացողությունները դեռ պահպանվում են, իսկ մարմնի ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ, ապա մեծ է հավանականությունը, որ ջերմային հյուծումը վերածվել է ջերմային հարվածի, ինչը կարող է շատ ավելի վտանգավոր լինել ու անհապաղ միջոցներ չձեռնարկելու դեպքում հանգեցնել անգամ մահվան։

Ջերմային հարվածի մասին նախազգուշացնող ախտանշանների շարքին են դասվում հավասարակշռության խանգարումը, որը պահպանվում է անգամ հանգստից հետո, քրտնարտադրության բացակայությունն անգամ գերտաքացման դեպքում, մարմնի ջերմաստիճանի վտանգավոր բարձրացումը (մինչև 40°C), ընդհատվող ու արագացած շնչառությունը, ապակողմնորոշվածության զգացումն ու մտքերի խառնաշփոթը, ջղաձգումները և գիտակցության կորուստը։

NHS-ի մասնագետների խոսքով՝ ջերմային հարվածը կարող է շատ վտանգավոր լինել, ուստի այս ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին կամ շտապօգնություն կանչել։ Բացի այդ, մասնագետները նախազգուշացրել են, որ որոշ դեպքերում բարձր է լինում անմիջապես այս երկու խնդրին բախվելու հավանականությունը։ Ռիսկային այս խմբում են ներառված բավական տարեցներն ու չափազանց երիտասարդները, ճարպակալում ունեցողները, ինչպես նաև նրանք, ովքեր բժշկի նշանակմամբ ընդունում են զարկերակային ճնշումը նվազեցնող դեղեր կամ դեղորայք, որոնք կիրառվում են սրտի նոպայից հետո։