4 արդյունավետ բնական միջոց անքնության դեմ պայքարի համար

11:30 • 02.05.22

Անքնությունը բավական տարածված խնդիր է, որը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա՝ հանգեցնելով թուլության, հոգնածության, ուժերի անկման և ինքնազգացողության սաստիկ վատթարացման։ Ժամանակին միջոցներ չձեռնարկելու դեպքում քնի նման խանգարումը կարող է բավական վտանգավոր հետևանքներ ունենալ, սակայն խնդիրն այն է, որ դրա դեպքում կիրառվող քնաբեր ազդեցությամբ օժտված դեղամիջոցները ոչ պակաս վնասակար են և առաջացնում են բավական լուրջ կողմնակի բարդություններ։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս բնական միջոցներով պայքարել անքնության դեմ, ինչը թույլ կտա խուսափել կողմնակի տհաճ բարդություններից։

Medikforum.ru կայքը ներկայացրել է մի քանի պարզ ու արդյունավետ բնական միջոց այս տհաճ խնդրի դեմ պայքարի համար։

Տաք կաթ

Արագ քուն մտնելու հիանալի միջոց կարող է լինել մի բաժակ տաք կաթը։ Այս մթերքը պարունակում է մելատոնին հորմոն ու տրիպտոֆան ամինաթթու, որոնք կապված են քնի ու հանգստության հետ, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ մի բաժակ կաթի մեջ պարունակվող տրիպտոֆանի քանակությունը չափազանց փոքր է քնաբեր ազդեցություն ունենալու համար։ Այնուամենայնիվ տաք կաթը հաճելի զգացողություններ է առաջացնում՝ օգնելով հանգստանալ ու բարելավելով քնի որակը։

Երիցուկով թեյ

Դարեր շարունակ երիցուկով թեյն օգտագործվել է որպես արդյունավետ հանգստացնող միջոց։ Այն օգնում է նվազեցնել մկանային լարվածությունը, բարելավում է մարսողությունն ու ազատում է տագնապի զգացումից, ինչն էլ օգնում է հեշտությամբ քուն մտնել։ Առավել լավ արդյունք ստանալու համար կարելի է մի բաժակ թուրմի պատրաստման համար թեյի երկու կամ երեք փաթեթ օգտագործել։ Բացի այդ, հարկ է հիշել, որ թուրմը հարկավոր է խմել ընթրիքից հետո, այլ ոչ թե քնելուց առաջ, քանի որ այն կարող է միզամուղ ազդեցություն ունենալ ու խանգարել քունը։

Նարդոսի յուղով լոգանք

Նարդոսի յուղով տաք լոգանքը կարող է հանգստացնել մարմինն ու մտքերը՝ օգնելով հեշտությամբ քուն մտնել։ Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ քնելուց առաջ նարդոսի բույրը շնչելն օգնում է բարելավել գիշերային քունն ու մեծացնել ցերեկային էներգիան։ Այս բույսը բարելավում է քնի որակը, իսկ նման ազդեցությունը գիտնականները կապում են օրգանիզմի վրա նարդոսի ունեցած հանգստացնող ազդեցության հետ։

Մեդիտացիա

Քնի խանգարումների դեպքում անչափ արդյունավետ կարող են լինել նաև մեդիտացիաները, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս քնելուց առնվազն կես ժամ առաջ անջատել բոլոր գաջեթներն ու մեդիտացիա անել՝ կենտրոնանալով հանգիստ երաժշտության ու խորը շնչառության վրա։ Բացի այդ, գիշերային քնի անսպասելի ընդհատման դեպքում կարող են շատ արդյունավետ լինել 10-15 րոպե տևողությամբ կարճատև մեդիտացիաները։