Առողջական որ խնդիրները կարող են հանգեցնել մարմնի ջերմաստիճանի նվազման

15:26 • 04.05.22

Մարմնի ջերմաստիճանի կտրուկ նվազումը վկայում է օրգանիզմի բազմաթիվ համակարգերի ու օրգանների աշխատանքում տեղի ունեցած խանգարումների մասին։ Խիստ վտանգավոր է համարվում մարմնի ջերմաստիճանի նվազումը մինչև 27-32°C։ Այս մասին 5-tv.ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան Իրինա Կոնոնենկոն։ 

Բժշկի խոսքով՝ մարմնի նորմալ ջերմաստիճանից շեղումը 1°C-ի սահմաններում չպետք է անհանգստության պատճառ դառնա, սակայն մարմնի ջերմաստիճանի կանոնավոր նվազում 35°C-ից ցածր լուրջ պատճառ է բժշկին դիմելու համար։ 

«Հիպոթերմիայի պատճառ կարող են լինել կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումը, մկանային զանգվածի նվազումը, ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը, նյութափոխանակության գործընթացների արագության նվազումը։ Հարկավոր է ստուգել վահանագեղձի հորմոնների մակարդակներն ու գնահատել հիպոֆիզամակերիկամային համակարգի աշխատանքը», - նշել է Կոնոնենկոն։

Մասնագետը նաև ընդգծել է, որ մարմնի ջերմաստիճանը կարող է նվազել նաև լուրջ հիվանդություններից հետո վերականգման փուլում, անոթային խնդիրների հետևանքով և ջերմիջեցնող դեղորայքի գերդոզավորման դեպքում։